News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում, մարտի 20-ին ձեռամբ թեմակալ առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, կատարվել է Ս. Գեւորգ եկեղեցու հիմնարկեքը:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ եկեղեցին կառուցվում է պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Նորայր Ասլանյանի նախաձեռնությամբ: Ճարտարապետական նախագծի հեղինակը Մանուշակ Տիտանյանն է:

Պարգեւ Սրբազանի հանդիսապետությամբ Արցախի թեմի եւ Զինված ուժերի հոգեւոր սպասավորները նախ գինով ու ջրով լվացել են եւ ապա սրբալույս մյուռոնով օծել 12 առաքյալների ու 4 ավետարանիչների անուններով հիմնաքարերը, որից հետո դրանք տեղադրվել են նոր կառուցվելիք եկեղեցու հիմքում: Եկեղեցու հիմքում տեղադրվել է նաեւ եկեղեցու շինարարության արձանագրությունը, որի վրա դրոշմվել են ներկաների ստորագրությունները:

Հիմնարկեքի արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահի ռազմական խորհրդական, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, Արցախի Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ՊՆ եւ Արցախի ՊԲ բարձրաստիճան զինվորականներ, զորամասի սպայական եւ զինվորական անձնակազմերը` հրամանատար Նորայր Ասլանյանի գլխավորությամբ, Մարտակերտի շրջանային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, Ներքին Հոռաթաղի բնակիչներ եւ ուխտավորներ:

Տպել
Ամենաշատ