Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` ապրիլի 5-ին, հյուրընկալվել էր ՀՀ ագրարային համալսարանում: NEWS.am-ին Գյուղատնտեսության նախարարությունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ երիտասարդների հետ է կապում մեր երկրի ապագան, հետեւաբար հենց նրանց էլ նախորդ հանդիպմանը ներկայացրել գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքներն ու առաջիկա անելիքները` ակնկալելով սերտ համագործակցություն ու անմիջական մասնակցություն ներկայացվող ծրագրերի իրականացմանը:

«Ես բարձր եմ գնահատում ձեր տրամադրվածությունը գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցելու հարցում եւ ակնկալում, որ, օգտագործելով ձեր գիտական միտքը, կհասնենք որակական առաջընթացի: Ձեր օգնությամբ պետք է  միջազգային փորձը ներդնենք մեր գյուղատնտեսության  մեջ: Գիտական միտքը չպետք է մնա թղթի վրա, մեր օժանդակությամբ այն պետք  է վերածվի արտադրական պրոցեսի»,-նկատել է Սերգո Կարապետյանը` գոհունակությամբ ներկայացնելով անցյալ տարվանից բուհի եւ գյուղատնտեսության նախարարության միջեւ ծավալված սերտ համագործակցության փաստը:

Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարի ձեռք բերված դրական ցուցանիշները` նախարարը մատնանշել է նաեւ առաջիկա գերակայությունները` առանձնացնելով կոոպերացիաների ստեղծումն ու դրանց թվի ավելացումը, գյուղատնտեսական տեխնիկայի թարմացումն ու սննդամթերքի անվտանգության միջազգային չափորոշիչների սահմանումը:

Հանդիպման ավարտին նախարարը հորդորել է ուսանողներին նպատակային օգտագործել գիտելիքներ ձեռք բերելու ժամանակն ու հնարավորությունները: «Ապագան գիտելիքներինն է: Առանց հիմնարար գիտելիքների զարգացում չկա: Մեր գյուղատնտեսությունն այսօր ձեզանից նպատակային եւ գերազանց ուսում է պահանջում, որպեսզի վաղը այն վերածվի զարգացման ծրագրի ու առաջընթացի: Սիրեցեք ձեր ընտրած մասնագիտությունը»,--ասաց նա: