Թիվ 19 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանը («Ճոյտ») քիչ առաջ ստացել է իր հայցը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի որոշումը: Նա պահանջում էր Հայաստանում վերջին 5 տարում մշտապես չբնակվելու պատճառաբանությամբ թիվ 19 ընտրատարածքում որպես պատգամավորության թեկնածու չգրանցել գործող պատգամավոր Սեդրակ Սարոյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ինքը` Հակոբ Հակոբյանը, ով եւս այդ ընտրատարածքում թեկնածու է առաջադրվել:
Նրա խոսքով, դրանով սահմանադրական նորմ է խախտվել, քանի որ օրենքի մեջ հստակ չի երեւում, թե վերջին 5 տարում ինչպես կարելի է բացակայությունը մեկնաբանել:
«Ոստիկանությունն իր ուզած ձեւով է մեկնաբանում: Օրենքում հստակ բան չկա` մեկը 6 ամիս է ասում, մենք օրինակի համար մեկ այլ ժամկետ կարող ենք նշել: Հետեւաբար սահմանադրական նորմը խախտվում է եւ մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան, հասկանալու համար, թե քանի ամիսն է համարվում, հարգելի եւ, ոչ հարգելի»,- ավելացրեց Հակոբ Հակոբյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ թիվ 19 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Հակոբ Հակոբյանը («Ճոյտ») ԿԸՀ-ին ուղղված իր դիմումում նշել էր, որ խախտվել է իր սահմանադրական իրավունքը, եւ եթե Խաչատուր Սուքիասյանին չեն գրանցել` պատճառաբանելով, որ նա վերջին հինգ տարում չի ապրել Հայաստանում, ապա ինչո՞ւ են գրանցել թիվ 19 ընտրատարածքում թեկնածությունը առաջադրած Սեդրակ Սարոյանին: Հակոբ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ ինքը փաստացի տվյալներ ունի, որ վերջին 5 տարում Սեդրակ Սարոյանն անընդմեջ չի բնակվել Հայաստանում, այդ հարցում նրան օգնել են Ուկրաինայի եւ Մոսկվայի իր կողմնակիցները եւ որպես ապացույց` համապատասխան փաստաթղթեր են վերցրել` ներկայացնելու իշխանությանը, որ «եթե իշխանությունները չհասկանա, ապա գոնե հասարակությունը կիմանա»:«Խաչատուր Սուքիասյանի դեպքը նախադեպ է, իսկ նախադեպային ինստիտուտը Հայաստանում գործում է, մենք վերցնում ենք այդ նախադեպը եւ ասում ենք, որ եթե դա տարածվում է Խաչիկ Սուքիասյանի վրա, ապա պետք է մյուս թեկնածուների վրա էլ տարածվի»,- նշել էր նա` շեշտելով, որ կամ Խաչատուր Սուքիասյանին էլ գրանցեն, կամ էլ երկուսին էլ մերժեն:




























