Իշխանությունները շատ անհանգստացած են 4 քաղաքական ուժերի կողմից ընտրությունների օրինականությունը վերահսկող միասնական շտաբ ստեղծելու հանգամանքով եւ նրանց նպատակը հիմա լինելու է այդ նախաձեռնության վիժեցումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ-ի նախընտրական շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի` քաղաքական ուժերին ուղղված, ընտրությունների քաղաքակիրթ անցկացման կանոների շուրջ համախմբման առաջարկը, Լ. Զուրաբյանը դա «դատարկ նախաձեռնություն» անվանեց, ընդգծելով, որ դա հետապնդում է 4 ուժերի կողմից ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու սկսված գործընթացը քանդելու նպատակ:
«Մենք հասկանում ենք, որ իշխանությունները շատ անհանգստացած են 4 քաղաքական ուժերի կողմից ընտրությունների օրինականությունը վերահսկող միասնական շտաբի ստեղծելու հանգամանքով: Հետեւաբար` նրանց նպատակը հիմա լինելու է այդ նախաձեռնության վիժեցումը: Մեկը մյուսի հետեւից նրանք հիմա հանդես են գալու տարբեր դատարկ նախաձեռնություններով, որոնք ձեւականորեն ուղղված են լինելու նույն նպատակին: Բայց իրականում հետապնդում են սկսված գործընթացը քանդելու նպատակ: Նրանք չեն հասկանում, որ ընտրակեղծիքների հիմնական կազմակերպչի եւ իրականացնողի կողմից նման առաջարկներն ուղղակի անընդունելի են:
Սահմանադրությունը կոպտորեն խախտած, ժողովրդի կամքը բռնաբարած ուժը, որն այսօր էլ զբաղված է ցուցակները կեղծելով եւ համատարած ընտրակաշառք բաժանելով, իրավունք չունի խոսելու քաղաքակիրթ գործակցությանը ապահովող կանոնների մասին կամ քաղաքակիրթ վարքագծի մասին: Ավելի լավ կլիներ, եթե նրանք հրապարակայնորեն զղջային կատարված հանցագործությունների մասին»,-ընդգծեց նա ու հավելեց. «Որեւէ կանոն պետք չէ, Սահմանադրությունից եւ օրենքների կատարումից ավելի լավ կանոն գոյություն չունի: Մեզ բոլորիս կբավարարի Սահմանադրության եւ օրենքների խախտման եւ բռնաբարության այդ պրակտիկայի դադարեցումը եւ ընտրությունների կազմակերպումը օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցություններն, ապրիլի 4-ին, ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնագիր են ստորագրել: Քննարկմանը ներկա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը չի միացել նախաձեռնությանը:
Փաստաթղթի տակ դրված են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի եւ «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ստորագրությունները: Համաձայնագիրը բաց է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար:
Իս արդեն այսօր` ապրիլի 5-ին, հայտարարություն է տարածել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը, ով ընտրություններին մասնակցող ուժերին առաջարկել է ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոներ մշակել:




























