«Արձանագրությունները կվավերացվեն, սակայն թուրքերը կփորձեն դա ձգձգել մինչեւ ապրիլ, որպեսզի հետաձգեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ցեղասպանության ճանաչումը»: Դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց «Ազատամարտի վետերանների միության» նախագահ Համլետ Հովսեփյանը։

Ըստ վերջինիս՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անկախ գործընթաց է եւ կապ չունի հայ-թուրքական արձանագրությունների հետ։ Հովսեփյանի համոզմամբ, արցախյան հարցը մոտ ապագայում դժվար թե լուծվի։

«Ազատամարտի վետերանների միության» նախագահն անդրադարձավ նաեւ ազատամարտիկների կարգավիճակի վերաբերյալ օրենքի նախագծին, որն ինքն անձամբ է մշակել եւ ներկայացրել Ազգային ժողով ու Պաշտպանության նախարարություն։

«Օրենքը նախատեսում է ազատամարտիկների կարգավիճակը, թե ինչ արտոնություններ ունեն, ինչից են օգտվում կամ չեն օգտվում, հաշմանդամի, զոհվածի ընտանիքի, նրա աշխատանքի տեղավորման, սոցիալական խնդիրների լուծման մասին է այն»,- ասաց Հովսեփյանը՝ ներկայացնելով օրենքը։

Նախագիծը ներկայացվել է ԱԺ, որն էլ այս տարվա գարնանն այն ուղարկել է Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարություն, որտեղ մինչ օրս օրինագիծը ուսումնասիրվում է։

Համլետ Հովսեփյանը նշեց, որ թեեւ շատերն են ողջունել այս օրենքի նախագիծը, սակայն ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկվում օրենքը կյանքի կոչելու եւ կիրառելու համար։