Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է քաղաքի կրթության, առողջապահության, մշակույթի եւ սպորտի, ինչպես նաեւ սոցիալական ապահովության ոլորտներում աշխատող կանանց:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով ներկաներին գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ինչպես մեր երկրի, այնպես էլ մայրաքաղաքի զարգացման գործում ունեցած իրենց գործուն մասնակցության ու ներդրած մեծ ավանդի համար.

«Ցանկանում եմ ձեզ երջանկություն, հաջողություններ անձնական կյանքում եւ ձեր ընտանիքներում: Դուք հայ ընտանիքների սյուներն եք եւ ձեզ ենք մենք վստահել մեր երեխաների դաստիարակությունը, մեր առողջությունը, մեր սերնդի ապագան եւ, որպես մեր ապագայի դաստիարակողներ, տոնական այս օրը երախտիքի մեր խոսքն ենք ուղղում ձեզ, սիրելի կանայք»,-նշել է քաղաքապետը:

Այնուհետեւ, շրջելով ճեմասրահում, Տարոն Մարգարյանը զրուցել է ներկաների հետ, ովքեր իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին ջերմ ընդունելության համար եւ, օգտվելով առիթից վստահեցրել են, որ այսուհետ եւս պատվով կկրեն սերունդների դաստիարակության իրենց առաքելությունը: