Վարչական դատարանը կրկին մերժեց Խաչատուր Սուքիասյանի հայցը, այս անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ:
«Դռնբաց դատական նիստում դատավորների հնգյակը (Ռ. Սարգսյան, Ա. Ղազարյան, Ա. Ծատուրյան, Ս. Հովակիմյան, Ա. Դարբինյան) քննել է «վարչական գործն ըստ հայցի` Խաչատուր Սուքիասյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի,
երրորդ անձ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինք` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 01.04.2012թ. թիվ 84-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որոշեց մերժել»: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ վերանայման:
Ապրիլի 4-ին էլ վարչական դատարանը մերժել էր Խաչատուր Սուքիասյանի հայցն ընդդեմ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի:
Երկու հանձնաժողովներն էլ մերժել էին Սուքիասյանի գրանցումը` որպես հիմնավորում ներկայացնելով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության որոշումը, ըստ որի Սուքիասյանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում:
Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանի այս երկու հայցերն էլ նույնաբովանդակ էին, եւ առաջինի մերժումից հետո կասկած չկար, որ այս մեկն էլ մերժվելու է: Ընդ որում, դատարանը որոշման մեջ գրել է, թե հայցվորը պետք է վիճարկեր ոչ թե ընտրական հանձնաժողովի՝ իր թեկնածությունը չընդունելը, այլ ՀՀ ոստիկանության գործողությունները: Ըստ դատական ակտի` ԿԸՀ-ն իրավասու չէ վիճարկել անձնագրային եւ վիզաների վարչության տեղեկանքը եւ գործել է օրենքի շրջանակներում:



























