Հայաստանի վարչական դատարանն այսօր` ապրիլի 6-ին, դռնբաց դատական նիստում, քննել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայցն ընդդեմ թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի եւ մերժել այն: Հարությունյանը պահանջել էր չեղյալ համարել առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանի գրանցումը: Դատական ակտը կայացրել են Վարչական դատարանի դատավորներ Ռուզաննա  Հակոբյանը, Արթուր Ծատուրյանը, Կարինե Բաղդասարյանը, Կարեն Ավետիսյանն ու Արծրուն Միրզոյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գորիսի նախկին քաղաքապետ  Սամվել Հարությունյանը ապրիլի 3-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան` վիճարկելով թիվ 37 ընտրատարածքային ընտրական  հանձնաժողովի որոշումը` առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանին` որպես պատգամավորության թեկնածու գրանցելու հարցը: Սամվել Հարությունյանը հայտնել է, որ երբ այդ հարցի առնչությամբ դիմում էր ներկայացրել թիվ 37 ԸԸՀ, այնտեղից հայտնել էին, որ իրենք այն մարմինը չեն, որ անվավեր ճանաչեն Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից տրված տեղեկանք:

Սամվել Հարությունյանի խոսքով` բոլոր գիտեն, որ Թաթուլ Հակոբյանը 2010թ նոյեմբերի 9-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնից ազատվելուց հետո աշխատանքի էր անցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում եւ աշխատում էր Դանիայի թագավորությունում, իսկ «Դանիան Հայաստանից մոտ 5000 կմ հեռավորությամբ է գտնվում, նա չէր կարող այդտեղ աշխատել եւ ապրել Հայաստանում»: