Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցած վարչապետին կից կանանց խորհրդի նիստի ընթացքում շնորհավորել է բոլոր կանանց մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: «Կանայք մշտապես մեր կյանքում զբաղեցրել են առանձնահատուկ տեղ եւ ավանդաբար հայ տղամարդը  ընդգծված հարգալից վերաբերմունք է ունեցել կնոջ եւ մոր նկատմամբ: Համոզված եմ, որ սա մեր հասարակության հարաբերական առավելությունն է եւ մենք պարտավոր ենք այս ավանդույթը պահպանել ու ժառանգաբար հաղորդել մեր ապագա սերունդներին: Այդպիսի վերաբերմունքը կանանց նկատմամբ ուժեղացնում է մեր ազգին եւ պետությանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը պատվոգրեր է հանձնել տարբեր անվանակարգերում անցկացված մրցույթների հաղթողներին: Մասնավորապես,  «Լավագույն կին գործատու» է ճանաչվել Տավուշի մարզը ներկայացնող Ֆլորա Անտոնյանը, երկրորդ տեղն զբաղեցրել է Լոռիի մարզից  Կարինե Ղուկասյանը, իսկ երրորդը տեղը՝ Սուսաննա Մինասյանը: Այս անվանակարգում անցկացված մրցույթին մասնակցել են 64 կին գործարարներ: Լավագույններն ընտրվել են՝ հաշվի առնելով տարբեր չափորոշիչներ:

«Լավագույն կին նախաձեռնող» անվանակարգում մրցույթին մասնակցել է 24 գործարար: Մրցույթի արդյունքներով առաջին հորիզոնականն է զբաղեցրել Գեղարքունիքի մարզից Լիաննա Ալավերդյան, 2-րդ տեղը` Շիրակի մարզից Կարինե Մկրտչյանը, 3-րդ տեղը` Արմենուհի Խաչատրյանը:  

«Մարզի կին բարեգործ» անվանակարգում անցկացված մրցույթին ներկայացվել էր մասնակցության 5 հայտ: Այս անվանակարգում հաղթողներ են ճանաչվել Տավուշի մարզից՝ Անուշ Ծատուրյանը  եւ Գեղարքունիքից՝ Օֆելյա Կարապետյանը:

«Կին արտադրողի լավագույն ապրանքանիշը» անվանակարգում մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ էին ներկայացրել 10 գործարարներ: Առաջին տեղն զբաղեցրել է  Երեւանից Ջուլիետա Դանիելյանը, 2-րդ տեղը՝ կրկին Երեւանից Լիդա Սարգսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ Հրադանից Լյուդմիլա Հովհաննիսյանը:

«Լավագույն քաղաքապետ` գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքի ղեկավար Աբրահամ Բաբայանը, 2-րդ եւ 3-րդ տեղերն զբաղեցրել են, համապատասխանաբար,  Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը եւ Սեւանի քաղաքապետ  Գեւորգ Մալխասյանը:

«Լավագույն գյուղապետ` գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը, 2-րդ տեղն զբաղեցրել է՝ Սյունիքի մարզի Շրվենանց համայնքի ղեկավար Արմինե Մանուկյանը, իսկ 3-րդ տեղը՝ Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր համայնքի ղեկավար Մանվել Մինասյանը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման մրցույթով ներդրվում է գեղեցիկ ավանդույթ: «Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը ներկայացվել է վարչապետին կից կանանց խորհրդի կողմից, ինչը դրական արձագանք է ստացել: Այսպիսով  խրախուսվում է կանանց ակտիվությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին եւ հույս հայտնել, որ կանայք մշտապես իրենց արժանի տեղը կզբեղեցնեն հանրության շրջանում: