Հայաստանի քաղաքագետների միությունը նամակ է հղել ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀԴԿ-ի,Կոմկուսի եւ «Միավորված հայեր» կուսակցությունների ներկայացուցիչներին, որտեղ հիշեցնում է, որ կարող են միանալ ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին 4 ուժերի (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն») ստորագրած համաձայնագրին:

Նամակը հասցեագրված է ՀՀԿ ընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանին, Միավորված հայեր կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանին:

Նամակում ասվում է.

Հայաստանի քաղաքագետների միության վարչության որոշմամբ սույն թվականի հունվարից ՀՔՄ կառույցում գործող POLITLOGOS իրավիճակային վերլուծությունների եւ քաղաքական կանխատեսումների ակումբում ՀՔՄ վարչությունը կազմակերպել է ընտրությունների հանրային վերահսկողության հիմնահարցին նվիրված քաղաքագիտական լսումների շարք: Լսումների 10 նիստերի գումարման արդյունքում ապրիլի 4-ին, ՀՔՄ կենտրոնական գրասենյակում ԱԺ ընտրություններին մասնակցող չորս քաղաքական ուժերի` ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի լիազոր ներկայացուցիչներ` Վարդան Օսկանյանը, Ռուբեն Հակոբյանը, Լեւոն Զուրաբյանը եւ Արմեն Ռուստամյանը լրագրողների ներկայությամբ ստորագրել են ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հիմնադրման մասին համատեղ Հայտարարություն:

Նկատի ունենալով այն, որ Հայտարարությունը բաց է համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար, Ձեզ ենք ուղարկում Հայտարարության պաշտոնական տեքստը, առաջարկելով մինչեւ ապրիլի 10-ը հայտնել Ձեր կուսակցության դիրքորոշման մասին:

Եթե մինչեւ ապրիլի 10-ը Ձեր կուսակցությունը միանա այդ հայտարարությանը, ապա ապրիլի 10-ին Ձեզ կուղարկվի հանրային լսումների երկրորդ նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցություններն, ապրիլի 4-ին, ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնագիր են ստորագրել: Քննարկմանը ներկա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը չի միացել նախաձեռնությանը:

Փաստաթղթի տակ դրված են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի եւ «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ստորագրությունները: Համաձայնագիրը բաց է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար:

Իսկ արդեն ապրիլի 5-ին, հայտարարություն է տարածել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը, ով ընտրություններին մասնակցող ուժերին առաջարկել է ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոներ մշակել: