«Օրինաց երկիր» կուսակցության նախկին մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը պատրաստել է ՕԵԿ-ից դուրս գալու դիմումը եւ այն փոստով ուղարկելու է կուսակցության կենտրոնական գրասենյակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինաը` Սուսաննա Աբրահամյանը, հաստատելով լրատվամիջոցներում տարածված նման տեղեկությունները:
Հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու այժմ, նախկին մամուլի քատուղարը պատասխանեց, որ իր ղեկավարած «Կնոջ իրավունք» հասարակական կազմակերպության հետ կապված որոշակի ծրագրեր ունի, դիմել է մի շարք միջազգային կազմակերպությունների եւ ցանկանում է կնոջ իրավունքների պաշտպանության ոլոտում ակտիվ գործունեություն ծավալել: «Ես ակտիվ քաղաքականությունից անմասն չեմ եղել, հետեւաբար, այսօր չեմ պատկերացնում, որ ես կարող եմ իմ գործունեությամբ պասիվ դիրքորոշում որդեգրել»,- ասաց նա` հավելելով, որ սպասում է նրանց հետ քննարկելու իր ծրագրերը:
Ինչ վերաբերում է քաղաքականությանն, այս պահի դրությամբ նա որեւէ կուսակցության անդամակցելու նպատակ չունի, թեեւ չի բացառում նման հեռանկարը: «Ցանկացած քաղաքական կառույց, որի գործունեությունը նպատակուղղված է երկրի, պետության կայացմանը, ես պատրաստ եմ առաջիկայում համագործակցել»,- նշեց Սուսաննա Աբրահամյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը վայր է դրել իր լիազորությունները` ՕԵԿ-ում չգնահատված լինելու պատճառով: «Ես պաշտոնապես տեղեկացնում եմ, որ վայր եմ դրել մամուլի խոսնակի իմ լիազորությունները, որովհետեւ հասկացել եմ, թե մամուլի խոսնակի դերը ՕԵԿ-ում ըստ արժանվույն չի գնահատվել»,- նշել է նա:
Սուսաննա Աբրահամյանը ՕԵԿ համամասնական ընտրացուցակում զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը: «Եկեք նայենք ցուցակը, թե ովքեր են ընդգրկված: Ես կարծում եմ, որ պետք է ավելի առաջ լինեի»,- նշեց նա: Սուսաննա Աբրահամյանը նաեւ հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե խնդիրներ է ունեցել կուսակցության ղեկավարության, մասնավորապես Հեղինե Բիշարյանի հետ:




























