Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային Կոնգրեսի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության քաղաքական պատասխանատու Մոնիկա Իզիդորժիկի հետ:

Կարապետյանի նախընտրական շտաբից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նախընտրական զարգացումներին առնչվող հարցեր: Վ. Կարապետյանը ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի քարոզարշավի ծրագիրը եւ խոսել է ընտրարշավին ընդառաջ իշխանությունների կողմից հարուցվող խոչընդոտների մասին:

Զրուցակիցները անդրադարձել են ընտրացուցակներում առկա մեծ թվով անճշտություններին: Այս կապակցությամբ դիտորդական առաքելության ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքին, որ առայօր ՀՀ իշխանությունները չեն ցուցաբերել քաղաքական կամք՝ հրապարակելու Հայաստանից բացակա շուրջ 700 հազար ընտրողների անունները:

Վ. Կարապետյանը նաեւ ընդհանուր գծերով ներկայացրել է չորս կուսակցությունների կողմից ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի ձեւավորման ընթացքը եւ դրա քաղաքական նշանակությունը: