ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում դեկտեմբերի 4-ին կայացել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին (ISAF) ներդրում կատարող երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին առաջին անգամ մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը ղեկավարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Հանդիպումը նախագահել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, իսկ դրան մասնակցել են ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՖղանստանի եւ այդ ձեւաչափում ներգրավված այլ երկրների արտգործնախարարները:

Մոտ չորս տասնյակ ելույթ ունեցողներն իրենց միանշանակ աջակցությունն են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հայտարարված նոր ռազմավարությանը, վերահաստատել Աֆղանստանում ներգրավման շարունակման կարեւորությունը, ստանձնել լրացուցիչ զորախմբեր տրամադրելու հանձնառություններ:

Հայաստանի արտգործանախարար Արման Կիրակոսյանն իր ելույթում անդրադարձել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերային համագործակցությանը՝ ընդգծելով խաղաղապահության ոլորտում փոխգործակցությունը եւ գործողություններին մասնակցությունը: Նա նշել է, որ միջազգային անվտանգության եւ կայունության գործում ներդրում ունենալու հստակ մտադրությամբ Հայաստանը որոշում է կայացրել զորախումբ ուղարկել Աֆղանստան: Հայ զինվորականների մեկնումը Աֆղանստան նախատեսված է 2010թ. առաջին ամիսներին: