Ձվի շուկայում սկսում են առաջանալ գերարտադրության սպասումներ: 2010-ի ամռան ռեցիդիվի մասին առայժմ ոչինչ չի վկայում. արտադրությունը գտնվում է նախորդ տարվա մակարդակին: Սակայն արդեն հիմա NEWS.am-ի հետ զրույցում «Արզնիի ԹՏԽ» ներկայացուցիչ Վահե Փանոսյանն ասաց. «Ոչ մի դեֆիցիտ չկա, ընդհակառակը` բոլորը հիմա կսկսեն արտադրել: Կտեսնեք` ամռանն ինչ կլինի»:
Ավելցուկ, որի ճանապարհը փակ է: Արտերկրի շուկաները հագեցած են սեփական արտադրությամբ եւ պատրաստ չեն «անկոչ հյուրերի». 2010 թ. Վրաստանը, շուկան չխեղելու համար, չընդունեց Հայաստանից առաջարկված 10-դրամանոց ձուն:
Ձվի արտադրությունը Հայաստանում վերջին տասը տարվա ընթացքում լիովին վերականգնվեց եւ 2007-ին գերազանցել է Հայկական ԽՍՀ-ի տարեկան մակարդակը: 520 միլիոն... 575... 630... Մի բան հաշվի չէր առնվել. չկա խորհրդային Պետպլանը, եւ շուկայի ծավալը պետք է զգալ ինքնուրույն: Սակայն ո՞վ կհամաձայնվի «ինքնաքվոտավորվել»:
Եւ ինչպես 2010 ամռանը շուկայի գերհագեցումը, այպես էլ աշնանը` գլխաքանակի կրճատումը (20-23%) ցնցեց շուկան. 2010 թ. դեկտեմբերին` առաջարկի պակասից, ձվի մանրածախ գինն անցավ 100 դրամը: Իսկ գնային թռիչքներին շատ արագ են արձագանքում ֆերմերային տնտեսությունները` աշխատելով արագ մտնել շուկա (նույն զարգացումը` նույն ամիսներին եւ նույն հետեւանքներով, ընթացավ նաեւ պանրարտադրությունում):
Արդյունքում ֆերմերային տնտեսություններն ավելացրին հավերի գլխաքանակը, եւ այսօր` մեկ տարի անց, անհատական տնտեսությունները գրավում են ձվի շուկայի 37-38%-ը: Մինչդեռ գերարտադրության պահին` 2010 թ. մայիսին, նրանց բաժին էր ընկնում 10-15%-ից ոչ ավելի: Իսկ շուկան մնացել է նույնը, եւ եթե այնտեղ կսկսեն տեղ որոնել նաեւ անհատ ֆերմերները, շուկան նորից կհանգի գերհագեցման, զգուշացնում է Հայաստանի թռչնաբույծների միոթյան նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Իրավիճակը կարող է փոխել հեղուկ ձվի եւ ձվի փոշու արտադրության գործարանը, որի արտահանումը թույլ կտա կարգավորել շուկան: «Ամբողջ աշխարհում սա ընդունված պրակտիկա է. Եվրոպայում ձվի վերամշակումը կազմում է ընդհանուր արտադրության 25%-ը, ԱՄՆ-ում` 35%-ը: Գործարանից կշահեն հատկապես փոքր ձեռնարկությունները. ունենալով սահմանափակ պահեստավորման հնարավորություն` ամեն գնով արտադրանքը նույն կամ հաջորդ օրն են իրացնում: Գործարանն իրենց համար կլուծի այդ խնդիրը», - նշեց Ս. Ստեփանյանը: Պաստերիզացված հեղուկ ձուն եւ փոշին կարող է թե արտահանվել, թե օգտագործվել տեղական սննդի եւ խմիչքի արտադրության մեջ, որի կարիքների համար այն այժմ ներկրվում է: Եվ Հայաստանի արտադրական ցանկում` 0407 ծածկագրին դասվող ձվի կողքին, կավելանա 0408-ը` պաստերիզացված-սառեցրած հեղուկ ձուն եւ փոշին:
Կախված հզորությունից` գործարանի մեջ ներդրումները կարող են կազմել 650 հազարից 1,5 միլիոն եվրո: Առայժմ ոլորտին կարող է բավարարել փոքր արտադրություն` տարեկան 100 – 120 միլիոն ավելցուկ ձվի վերամշակման համար: Հետագայում, անշուշտ, ծավալների ավելացման հետ արադրությունը կարելի է ընդլայնել, կարծում է թռչնաբույծների միության նախագահը: «Փորձը ցույց տվեց, որ այս ոլորտը Հայասանում ընդունակ է ինքնակարգավորվել. եթե 2010 թ. այն սեղմվեց, 5-6 փոքր ձեռնարկություններ փակվեցին, իսկ բոլոր մնացածներն աշխատեցին վնասով ,ապա անցավ մեկ տարի, եւ շուկան կրկին վերակագնվում է. հիմա օրեկան արտադրանքը կազմում է 3000-3100 արկղ, արտադրության մեջ մտան երեք տասնակից ավելի փոքր արտադրողներ: Դրանից բացի, եթե 2010-ին ներքին խնդիրներին գումարվեց Ռուսաստանի հացահատիկային էմբարգոն, ապա այժմ այդ խնդիրը չկա, արտաքին պայմաններն ավելի բարվոք են: Դրա համար արտադրությունը կրկին կարող է աճել, բայց գործարան ունենալիս, դրանից արդեն պետք չի լինի խույս տալ: Հուսադրող կլինի նաեւ, եթե կառավարությունը կարգավորի շուկան` ազատելով այն անհայտ ծագում ունեցող եւ չմակնշված, դեմպինգային գներով իրացվող ձվից, այդ թվում` ներմուծված, ինչպես եղավ Նոր տարվա շեմին: Մեզ համար կարեւոր է, որ կառավարությունը հավասար դաշտ եւ մրցակցային պայմաններ ստեղծի տեղական արտադրողների եւ ներկրողների համար: Ուրախ ենք, որ Սննդի անվտանգության տեսչությունն անհրաժեշտ քայլեր ձեռնարկեց, եւ կարծում ենք` տեղական արտադրողն ու ներմուծողը` որակի պահանջների առումով, պիտի հավասար պայմաններում գտնվեն», - ընդգծում է Ս. Ստեփանյանը:
Գործարանի առկայությունը կայուն պատվեր կստեղծի ոչ միայն թռչնաֆաբրիկաների, այլ նաեւ կերարտադրողների համար: Խոսքն ինչպես երկու գործող համակցված կերերի գործարանների, այնպես էլ ֆերմերների մասին է: «Այն, որ ֆերմերային տնտեսությունները դրան պատրաստ են, ապացուցեցինք անցյալ տարի, երբ հայաստանյան ֆաբրիկաներն Արցախից ձեռք բերեցին 4 հազար տոննա եգիպտացորեն: Այս տարի պայմանավերվածություն կա գնել 10 հազար տոննա: Տեղական ֆուրաժի արտադրությունը կնվազեցնի կախվածությունը դրսի շուկայից եւ գնային կոնյունկտուրայից: Այդպիսով կբարձրացնենք նաեւ ֆերմերների եկամուտը: Համագործակցության շատ հարմար ձեւ կարող է լինել ֆյուչերսայինը` գարնանային վարկ աշնան բերքի դիմաց», - նշեց Ս. Ստեփանյանը:
Տեղին է հիշեցնել, որ շուրջ մեկ տարի առաջ Կառավարությունը որոշել է աջակցել եգիպտացորենի արտադրությանը` ֆերմերների համար ներկրելով 63 տոննա հիբրիդային սերմացու: Կերի կայուն պահանջարկը դռներ կբացի նաեւ եգիպտացորենի համար: «Հայաստանում համակցված կերերի տարեկան պահանջարկն այսօր կազմում է մոտ 180 հազար տոննա, որից 2/3-ը` թռչնաֆաբրիկաների կողմից: Դրանց 70%-ը հատիկաֆուրաժն է, որի շուրջ 70%-ն էլ եգիպտացորենն է: Ողջ համակցված կերի շուկայի գումարային ծավալը տատանվում է 120-135 մլն դոլարի սահմաններում: Միայն մենք` թռչնաբույծներս, կկարողանանք ներկայացնել $65-70 մլն-ին համարժեք դրամի պահանջարկ` տեղական ֆերմերներին», - նշեց Ս. Ստեփանյանը: Միակ խնդիրը, որը կմնա լուծելու, կլինի սիլոսային հորերի եւ հատուկ չորանոցների կառուցումը` եգիպտացորենի պահեստավորման համար:
Ձվի վերամշակման գործարանի տնտեսական հիմնավորումն այժմ դիտարկում է կառավարությունը, իսկ դրա արտադրանքը նախնական հետաքրքրություն է առաջացրել Իրանում եւ Իրաքում:
Արամ Գարեգինյան



























