Թիվ 32  ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության  թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբը ահազանգել է բռնությունների մասին: Շտաբը հաղորդագրություն է ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Դրանում մասնավորապես ասվում է.

«Թիվ 32  ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության  թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբը հայտնում է ձեզ թիվ 32  ընտրատարածքում քարոզարշավի առաջին իսկ օրը տեղի ունեցած ապօրինի եւ բռնի գործողության մասին: Խնդրում ենք ձեզ տեղի ունեցածին տալ համապատասխան ընթացք հետագա հնարավոր ապօրինություններն ու բռնությունները կանխելու համար:

Սույն թվականի ապրիլի 8-ին, ժամը 18-ի  սահմաններում Տաշիր քաղաքի Երեւանյան խճուղու վրա գտնվող ԷԳԱ ՍՊԸ-ին պատկանող գովազդային  վահանակին, թիվ  32  ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության  թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական  պաստառը տեղադրելիս, Տաշիրի  քաղաքապետ Նշան Սողոյանի կողմից կատարվել է ապօրինի եւ բռնի գործողություն: Տաշիրի  քաղաքապետ Նշան Սողոյանը մի քանի ավտոմեքենաներով ուղեկցող շքախմբով մոտեցել եւ սպառնացել է հաշվեհարդար իրականացնել  պաստառը փակցնող  անձանց  նկատմամբ, պահանջելով  անհապաղ  դադարեցնել թիվ  32  ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության  թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական  պաստառի տեղադրումը: Այնուհետեւ պահանջել է հեռանալ Տաշիր քաղաքից, քանի որ իր խոսքերով ասած «իր քաղաքում» ոչ մեկ իրավունք չունի այլ պաստառ տեղադրել: Կատարված  դեպքի  առթիվ ՀՀ Ոստիկանության  Տաշիրի  բաժնում ՀՀ ԱԺ պատգամավորության  թեկնածու Անուշավան Նիկողոսյանի  կողմից  հաղորդում է ներկայացվել, որի հիման վրա  նյութեր  են նախապատրաստվում  Տաշիրի  քաղաքապետ Նշան Սողոյանի  նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի  հատկանիշներով  պաշտոնական  լիազորությունների  չարաշահում  քրեական  գործ  հարուցելու  նպատակով: Դեպքի մասին  տեղեկացվել է նաեւ ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը»:

Նշենք, որ այդ տարածքում առաջադրվել է նախագահի աշխատակազմի  նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: