Թուրքիայի վարչապետի ԱՄՆ այցից առաջ Անկարայում Ռուսաստանի դեսպանը թուրքական Aksam թերթին տված հարցազրույցում հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ՝ առաջարկելով ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում տեղադրվելիք հակահրթիռային համակարգերը տեղադրել Թուրքիայում։ Անկարայում ՌԴ դեսպան Վլադիմիր Իվանովսկին անդրադարձել է նաեւ հայ-թուրքական մերձեցման եւ Ղարաբաղի խնդրին՝ նշելով, որ անհեռատես են այն անձինք, որ ղարաբաղյան խնդիրը կապում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ։

Թուրքիայի վարչապետը մեկնում է ԱՄՆ։ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները վերջին ժամանակներում բավականին զարգացել են։ Այս երեք երկրների միջեւ համագործակցություն հնարավո՞ր է։

Այո, Իրանի, Աֆղանստանի եւ Պակիստանի խնդիրների լուծման համար՝ երեքով պետք է աշխատենք։ Շատ հարցերում մեր դիրքորոշումները համընկնում են, եւ դրանց թիվը գնալով աճում է։ Թուրքիան տարածաշրջանային ուժ է դարձել։ Միջին Արեւելքի եւ Կովկասի խնդիրներում թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը պետք է հաշվի առնեն Թուրքիայի դիրքորոշումը։

ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում տեղադրվելիք հակահրթիռային համակարգերի խնդրի հետ կապված վերջին իրադարձությունները ինչպիսի՞ն են։

Այս խնդրում Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցությունները շարունակվում են։ Այս շաբաթ դա եւս կքննարկվի ՆԱՏՕ-Ռուսաստան համաժողովի ընթացքում։ Եթե համատեղ մի համակարգ լինի, մենք նույնիսկ մեր ռադարները կառաջարկենք։ Եթե Թուրքիայում նման համակարգ ստեղծվի, մենք ինչու՞ պետք է առարկենք։ Մեր՝ Ադրբեջանում տեղակայված ռադարը կտեղափոխենք այստեղ։ Ամենակարեւոր հարցը վտանգը հայտնաբերելն է։ Իսկ ու՞մ դեմ է այս համակարգը։ Իրանը կհարձակվի՞ ԱՄՆ-ի վրա։ Չեմ կարծում…։

Կովկասում Թուրքիա-Հայաստան մերձեցումը Ձեզ չի՞ անհանգստացնում։

Ոչ մի անհանգստություն չկա։ Այդ գործընթացին միշտ էլ աջակցել ենք։ Շատ կարեւոր է այս տարածաշրջանում Ռուսաստան-Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունների զարգացումը։

Այս ընթացքում Ռուսաստանը Ադրբեջանի հետ մերձեցա՞վ։

Ճիշտ է, դուք միշտ ասում եք, որ ադրբեջանցիների հետ եղբայրներ եք, սակայն ադրբեջանցիները ռուսների հետ լավ հարաբերություններ ունեն։ Երկու միլիոն ադրբեջանցի Ռուսաստանում է աշխատում եւ իրենց երկիր գումար է ուղարկում։ Մենք էլ կարող ենք ադրբեջանցիներին կոչել եղբայրներ։

Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի՞

Ուրիշ ճար չունենք, եւ ստիպված ենք լուծման ճանապարհներ գտնել։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը դրական կազդի Ղարաբաղի խնդրի լուծման վրա, սակայն իմ կարծիքով անհեռատես են այն անձինք ովքեր ասում են, որ առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման՝ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չպետք է վավերացվեն խորհրդարանում։ Այս երկու հարցերը իրար կապելը սխալ է։