Դեկտեմբերի 5-ին Պերմի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած խոշոր հրդեհի արդյունքում տուժած 130 մարդկանցից 88-ի վիճակը ծանր է։ Այդ մասին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ռուսաստանի Առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան։

Նրա խոսքով, տուժածներից 59-ը ներկա դրությամբ արհեստական շնչառություն են ստանում։ Բուժման նպատակով Մոսկվա է տեղափոխվել 19 հիվանդ, որոնք բոլորն էլ ծայրահեղ ծանր վիճակում են։ Չորս վիրավոր կանանց ինքնությունը դեռեւս չի պարզվել։

Զոհերի թիվը հասել է 103-ի։ «Ինտերֆաքսի» հաղորդմամբ ներկա դրությամբ 28 դիակ է ճանաչվել։

Հրդեհի պատճառ է դարձել սառը հրավառությունը։ Կազմակերպիչները չեն հաշվարկել շինության բարձրությունը, եւ հրավառության կայծերը, հասնելով առաստաղին, հրդեհի պատճառ են դարձել։ Որպես հրդեհի բռնկման երկրորդ հավանական պատճառ, ավելի ուշ, շրջանառության մեջ է դրվել հոսանքալարի կտրված լինելու հանգամանքը։

Հիշեցնենք, որ Պերմի ժամանցային ակումբներից մեկում տեղի ունեցած հրդեհը, որի արդյունքում, ճշտված տվյալների համաձայն, 103 մարդ է զոհվել, 130-ն էլ այրվածքներ են ստացել, բռնկվել է շաբաթ գիշերը, Երեւանի ժամանակով մոտավորապես 00։30-ին։