Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանն արտասահմանյան պետությունների ղեկավարներ չեն մասնակցի: Այդ մասին հաղորդել են նախագահի աշխատակազմում:
Պատասխանելով լրատվական գործակալությունների` ՌԴ նախագահի պաշտոնն ստանձնելիս արտասահմանյան ներկայացուցչության մասին հարցին, Կրեմլում տեղեկացրին, որ ամրագրված ավանդույթի եւ փորձի համաձայն` երդմնակալության արարողությանը արտասահմանյան երկրների ղեկավարներին հրավեր ուղարկելը չի նախատեսվում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ այսօր հայտնել էին, որ Պուտինի երդման արարողությանը սպասվում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը, մասնավորապես` Բելառուսի, Ղազախստանի եւ Ուկրաինայի նախագահների:
Հաղորդվել էր նաեւ, որ արարողությանը ներկա կգտնվեն նաեւ Սիլվիո Բեռլուսկոնին եւ Գերհարդ Շրյոդերը:




























