«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է «Ժառանգության» փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանի հայտարարությանը, թե «եթե ընտրությունների վերահսկման միասնական շտաբի գործառույթների փաստաթուղթը չստորագրեն 4 քաղաքական ուժերի առաջին դեմքերը, ապա իրենք գուցե դուրս գան այդ միավորումից»:
«Եթե որոշ կուսակցություններում, որոնք առիթ բաց չեն թողնում գոռգոռալու ներկուսակցական ժողովրդավարության մասին, վավեր է համարվում բացառապես կուսակցության նախագահի խոսքն ու ստորագրությունը, ապա ես նրանց խորհուրդ կտամ ձեռնպահ մնալ տարբեր ամբիոններից ներկուսակցական ժողովրդավարության մասին ամպագոռգոռ հայտարարություններ անելուց: Մենք կարգապահ կուսակցություն ենք, եւ եթե Վարդան Օսկանյանը ստորագրել է համաձայնագրի տակ, նշանակում է` միանշանակ ուներ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունը: Իսկ եթե այս ամենը տվյալ կուսակցության համար պատրվակ է ձեռքբերված պայմանավորվածություններից խուսափելու համար, ապա խորհուրդ կտամ անհասկանալի կեցվածք չընդունել եւ անհասկանալի պատճառաբանություններ չբերել: Բոլորի համար պարզ ու հասկանալի է նման պահվածքի իրական մոտիվացիան, ինչպես նաեւ` գաղտնիք չէ որտեղից են իջեցվում ԲՀԿ դեմ ելույթներ ունենալու պետպատվերները»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը ապրիլի 4-ին համաձայնագիր են ստորագրել ընտրությունների վերահսկման համար միասնական շտաբի ձեւավորման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցած ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հրաժարվել է ստորագրել փաստաթղթի տակ:
Հիշեցնենք, որ այսօր`ապրիլի 11-ին կայացած հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա պահանջել է, որ միասնական շտաբի ստեղծման հայտարարության տակ ստորագրեն քաղաքական կուսակցությունների առաջնորդները, ովքեր միացել են նախաձեռնությանը: Բացի այդ, Հակոբյանը առաջարկել է ստեղծել հանձնաժողով կամ աշխատանքային խումբ, որը կհետեւի բարեգործական հիմնադրամներին, որոնք նախընտրական կաշառք են բաժանում: Միասնական շտաբի ստեղծման վերաբերյալ հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին: Ավելի վաղ «Ժառանգություն» սպառնացել է դուրս գալ նախաձեռնությունից, եթե կուսակցության ներկացրած երկու առաջարկ-վերջնագրերը չիրագործվեն:




























