Հայաստանի ռազմակրթական բարեփոխումներին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի աջակցության շրջանակներում, ապրիլի 10-ին, Երեւանում էր գտնվում ԱՄՆ ազգային պաշտպանական համալսարանի պրոֆոսորադասախոսական խումբը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի հիմնական նպատակն էր ՀՀ ՊՆ ռազմակրթական հաստատությունների ուսումնական ծրագրերում ընդգրկվելիք «Առաջնորդություն» եւ «Ռազմական էթիկա» առարկաների դասավանդման հարցում խորհրդատվության տրամադրումը:
Հայաստանի ՊՆ եւ ԶՈւ գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կայացած կլոր սեղան-քննարկումները կրում էին կարծիքների փոխանակման բնույթ եւ ուղղված էին ռազմական էթիկայի դերի ու նշանակության, ինչպես նաեւ բարոյահոգեբանական ապահովման ու կարգապահության ամրապնդման հարցերում դրա գործառնական կիրառման տեսանկյուններին:
Ամերիկյան խորհրդատվական խումբն Առաջնորդության եւ Ռազմական էթիկայի շուրջ բազմաբովանդակ քննարկումներ է անցկացրել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ինստիտուտի հրամանատարական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ անցկացված հանդիպումները միտված են եղել սպայական կադրերի դարբնոցում այդ առարկաների դասավանդման մեթոդաբանության քննարկմանը:




























