ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպումներ է ունեցել Արմավիրի մարզի ընտրողների հետ: Սերժ Սարգսյանը եղել է մարզի Փարաքար, Մերձավան, Էջմիածին, Մուսալեռ, Հայթաղ, Մեծամոր, Սարդարապատ, Լենուղի, Մյասնիկյան, Բաղրամյան եւ մի շարք այլ համայնքներում:

Արմավիրցիների հետ իր նախընտրական հանդիպումներում ՀՀԿ նախագահը նշել է. «Առանց զարգացած գյուղի, այդ գյուղում հարմարավետ ու որակյալ կյանքի, չի կարող լինել զարգացած գյուղատնտեսություն: Մեր նպատակն է՝ շաղկապել գյուղատնտեսության զարգացումը գյուղի զարգացման հետ՝ միասնական դիտարկելով գյուղի եւ գյուղատնտեսության խնդիրները: Մեր նպատակն է գյուղը մոտեցնել քաղաքին: Հարմարավետ գյուղի գաղափարն է, որ ուզում եմ ձեզ ներկայացնել:

Ես եւ մեր թիմն աշխատել ենք, որպեսզի ձեր վստահությունն արդարացնենք: Միանգամից ասեմ, որ ամենամեծ քննադատներն ինքներս ենք: Ինքներս ենք ամեն անգամ ասում, որ դեռ շատ բան չհաջողվեց իրականացնել, բայց որեւէ մեկը չի կարող մեզ մեղադրել անգործության մեջ»:

ՀՀԿ նախագահը կոչ է արել արմավիրցիներին՝ այս ընտրություններին եւս իրենց քվեն տալ Հանրապետական կուսակցությանը: