Թուրքիայի Քյուչուքչեքմեջե շրջանի քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության գրասենյակի վրա 20 հոգանոց զինված խումբ է հարձակվել։ Թուրքական Haber 7 կայքէջի փոխանցմամբ՝ հարձակվողները զինված են եղել ատրճանակներով, դանակներով եւ փայտերով։
Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամները լսելով աղմուկի ձայներ դուրս են եկել գրասենյակի մուտքի մոտ եւ բախվել զինված խմբի անդամների հետ։ Կուսակցության գրասենյակի վրա հարձակվողները անկանոն օդ են կրակել, սակայն աթոռներով եւ այլ առարկաներով նրանց դիմավորած կուսակցականներին հաջողվել է փախուստի մատնել հարձակվողներին։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, երբ իրադրությունը արդեն հանդարտվել էր։
NEWS.am-ը հիշեցնում է, որ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը թուրքական խորհրդարանի միակ քրդական կուսակցությունն է։ Տվյալ կուսակցության առաջնորդ Ահմեդ Թուրքը բազմից հիշեցրել է թուրքական իշխանություններին, որ քրդական հարցի կարգավորման բանալին գտնվում է Իմրալի կղզում, որտեղ ցմահ բանտարկված է PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլահ Օջալանը։ Թուրք ազգայնականներին վրդովվեցնում է, որ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը փորձում է քրդական հարցի կարգավորման մեջ որպես բանակցող կողմ դարձնել բազմաթիվ սպանությունների եւ ահաբեկչության համար դատապարտված Աբդուլահ Օջալանին։




























