Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված ԱԺ փոխխոսնակ եւ ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը  մինչ քարոզարշավի սկիզբը Գյումրիում ալեհավաքներ է բաժանել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ Գյումրիի կայարանամերձ հրապարակում գտնվող ԲՀԿ նախընտրական շտաբից, նշելով, որ ալեհավաքները բնակիչներին տրամադրելը որեւէ կապ չունի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, ու այս ամենն արվել է «Բալասանյան ընտանիք» հիմնադրամի միջոցներով:

«Ես միայն մի բան կարող եմ ասել, որ ալեհավաքների տրամադրումը ընտրությունների հետ որեւէ կապ չունի, Բալասանյանների ընտանիքը հիմնադրամ ունի, իրենք հիմնադրամով ընտրություններից առաջ ոչ թե միայն այս տարի, այլ միշտ օգնել են ժողովրդին, իրենք իրենց ընտանիքով»,-NEWS.am-ի Շիրակի թղթակցի հետ զրույցում ասաց նշված շտաբի պատասխանատու Հովսեփ Ավետիսյանը, չկարողանալով նշել, թե քանի ընտանիքի է ալեհավաք տրամադրել:

Հարցին, թե ինչո՞ւ հենց ալեհավաքներ, Ավետիսյանը պատասխանեց. «Գիտես ինչի համար, մարդկանց ուզեցել են օգնել, բժշկուհի կա, որ եկել էր շնորհակալություն հայտնելու, ուզեցել էր երեխան սովորի անգլերեն, բայց չի կարողացել, ամիսը 20 հազար փող են ուզել, որ սովորի, բայց այդ ալեհավաքների միջոցով երեխան արդեն գիտի թե որ ժամին են ցույց տալիս անգլերեն, սովորել է: Հետո փողոցից երեխաները կտրվել են ալեհավաքների շնորհիվ»:

Այն հարցին, թե ի՞նչ է պահանջվել բնակչից ալեհավաքներ ստանալու դիմաց, պատասխանեց. «Ոչ մի բան, բոլորը միայն շնորհակալություն են հայտնել, ես չեմ լսել, որ մարզում կամ քաղաքում որեւէ մեկն ասի, որ դա վատ է, բոլորն էլ գոհ ու շնորհակալ են»: Իսկ անձնագրի տվյալներ չե՞ն պահանջվել հարցին էլ արձագանքեց. «Ոչ մի նման բան, միայն անուն ազգանունները, որպեսզի իմանանք, թե ում ենք տվել»:

Դիտարկմանը, թե որոշ տեղեկությունների համաձայն, կան ընտանիքներ, որոնք ստացել են ալեհավաքներ, քանի որ ԲՀԿ անդամատոմսեր են ունեցել, սակայն եղել է դեպք, երբ ընտանիքը, կամ անձը ԲՀԿ-ական չէ, դիմել է ալեհավաք ստանալու խնդրանքով, սակայն մերժվել է, վստահեցրեց, որ նման բան չկա, իսկ եթե կա, ուրեմն այն ժամանակ են եկել, երբ ալեհավաքներն արդեն վերջացել են: «Նման բան չի եղել: Հնարավոր է տված չլինեն, քանի որ քանակ կա, միլիոն հատ չի եղել, որ բոլորին տան, ակցիա է եղել, չափ կար, երեւի այն ժամանակ են եկել, որ վերջացել է»,-ասաց նա, հավելելով, որ ալեհավաքներ տրամադրվել են, ելնելով ընտանիքների սոցիալական պայմաններից:

 

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի