Վաշինգտոնում այսօր կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է ճնշում գործադրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա։ Օբաման փորձելու է ստանալ Իրանի միջուկային ծրագրի, ինչպես նաեւ աֆղանական հիմնախնդրի հանդեպ Թուրքիայի աջակցությունը, հայտնում է Bloomberg-ը։

Թերթը հաստատում է, որ «ԱՄՆ նախագահը փորձելու է Անկարայի պատրաստակամությունը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն՝ աջակցել ԱՄՆ-ին Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում»։

«Թուրքիան ընդլայնում է համագործակցությունն Իրանի հետ, որը ապահովում է Թուրքիայի բնական գազի պահանջարկի 20 տոկոսը։ Վաշինգտոնը մտադիր է ստուգել Թեհրանի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը»։ Այս կապակցությամբ Օբամայի վարչակազմի մի ներկայացուցիչ, ով չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, նշել է, որ «Թուրքիան կարող է միջնորդի դեր ստանձնել միայն այն դեպքում, եթե Իրանին հասկացնել տա, որ նրա միջուկային ծրագիրը պետք է ծառայի բացառապես խաղաղ նպատակների»։

Բացի այդ, Օբաման եւ Էրդողանը կշոշափեն Աֆղանստանում զինուժի թվի մեծացմանն առնչվող հարցեր։ Bloomberg-ը նշում է, որ Օբամայի՝ յոթ ամիս առաջ Թուրքիա կատարած այցից հետո, Էրդողանի այցը ԱՄՆ դիտարկվում է տարածաշրջանում Թուրքիայի դերի մեծացման համատեքստում։ Անկարան փորձում է լավացնել փոխհարաբերությունները Իրանի հետ եւ «խաղաղության աղավնու» դեր խաղալ Սիրիայի եւ Իսրայելի միջեւ։