Ռուսաստանյան «Միներալնիե վոդի» օդանավակայանի ղեկավարությունը հրաժարել է հաստատել, թե Իրանում աղետի ենթարկված օդանավը տեխսպասարկում է անցել իրենց օդանավակայանում: Օդանավակայանի շտաբի պետ Յուրի Սամսոնովը հայտնել է, թե չի կարող հստակ ասել՝ անցել է ՏՈՒ-154Մ օդանավը տեխսպասարկում, թե ոչ: «Մենք էլ դեռ չենք կարող հստակ հասկանալ, թե ինչ է կատարվում: Երբ տվյալներ կունենանք, կասենք»"- ասել է նա: Միաժամանակ տրանսպորտային դատախազությունը հաստատել է, որ օդանավը տեխսպասարկում է անցել Մինվոդիում, բայց ոչ թե անցած ամիս, այլ 2005թ., եւ երաշխիքային սպասարկման ժամկետը վաղուց ավարտված է եղել:
Նշենք, որ ՀՀ Քաղավիացիայի վարչությունից հայտնել էին, թե ՏՈՒ-154 ինքնաթիռը տեխսպասարկում է անցել մեկ ամիս առաջ, Մինվոդի օդանավակայանում:
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:




























