Գերմանացի բժիշները Խարկովի կաչանովյան ուղղիչ գաղութում զննել են Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոյին:
Բժիշկները ԳԴՀ-ից ապրիլի 13-ին ժամանել են Խարկով` Տիմոշենկոյի բուժման համար իշխանությունների առաջարկած հիվանդանոցի պայմաններին ծանոթանալու, քանի որ առանց նրանց եզրակացության նախկին վարչապետը չի ցանկանում այնտեղ բուժում ստանալ: Բժիշկները նաեւ նրան այցելել են գաղութում:
Այցից հետո գերմանական «Շարիտե» հիվանդանոցի տնօրեն Կարլ Մաքս Այնհոյփլը լրագրողներին հայտնել է, որ 2 զեկույց կներկայացնեն` մեկը Տիմոշենկոյի առաղջական վիճակի վերաբերյալ, մյուսը` իշխանությունների առաջարկած հիվանդանոցի պայմանների համապատասխանության:
Նա նաեւ նշել է, որ առաջին զեկույցը կտրամադրվի հենց Տիմոշենկոյին եւ միջազգային բժշկական հանձնաժողովի ներկայացուցիչներին, երկրորդը` ուկրաինական իշխանություններին: Այնհոյփլը միաժամանակ հրաժարվել է որեւէ հստակ բան ասել Տիմոշենկոյի առողջական վիճակի եւ հիվանդանոցի պայմանների վերաբերյալ, գրում է gazeta.ru-ն:
«Բժշկական տեսանկյունից անընդունելի եմ համարում տիկին Տիմոշենկոյի մասնակցությունը դատական նիստերին», - ասել է Այնհոյփլը:




























