Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` ապրիլի 14-ին գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում հանձնաժողովն ընդունել է որոշում` 2012թ. մայիսի 6-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան մասնաճյուղի ղեկավարին և Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն (ICES) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Հայկ Սուլթանյանի (թիվ 35 ընտրատարածք), Հայկ Բարսամյանի (թիվ 38 ընտրատարածք), Կարեն Սմբատյանի (թիվ 11 ընտրատարածք), Սուսաննա Աբրահամյանի (թիվ 40 ընտրատարածք) գրանցումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Նարինե Միրզոյանի (ընտրական ցուցակի 116-րդ համար) գրանցումը` հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:
Նարինե Միրզոյանը կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանի կինն է:




























