Ներկայումս բանակցային սեղանին դրված «մադրիդյան սկզբունքները» իրենցից ներկայացնում են փաթեթ, բայց փոլային իրականացմամբ: Այսօր նման տեսակետ հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե, կիսո՞ւմ է տեսակետը, ըստ որի, ԼՂ հարցում 1997-ին առաջարկվող տարբերակները նույնիսկ ավելի լավն էին, քան ներկա տարբերակը, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «ներկա տարբերակը փաթեթային է` փուլային իրականացմամբ եւ ավելի լավն է, քան փուլայինը: Մեր ամբողջ մտահոգությունն էլ այն է, որ մեզ համար ոչ բարենպաստ փաթեթ է ձեւավորվում: Այսինքն կարգավիճակի հետ կապված այս փաթեթն, ի վերջո, ասում է, թե ինչ ճանապարհով պետք է խնդիրը լուծվի` հանրաքվեով: Իհարկե հանրաքվե անունն էլ չեն տալիս եւ սա նույպես զիջում է մադրիդյան նախկին սկզբունքներից: Այդ սկզբունքների նորացումը եւս վստահ եմ, որ տեղի չի ունեցել ի օգուտ մեզ: Ամեն դեպքում, որ խոսք կա ժողովրդի կամքի արտահայտման միջոցով հարցի լուծման, էդպիսի բան 1997-ի տարբերակում չկար: Չկար նաեւ միջանկյալ կարգավիճակի հետ կապված խնդիրները: Այսինքն ընդունվելու է փաթեթ, որի իրականացումը կարող է բերել փուլային տարբերակի վերջնական արդյունքների, որը ես չեմ բացառում»:

Այնուհետեւ խոսելով ներքին դժվարությունների ու լեգիտիմության պակասի հետեւանքների մասին, որոնք իրենց ազդցությունն են թողնում արտաքին հարաբերությունների վրա, նա նշեց. «Իշխանությունների դեմ ուղղված հարվածները օգտագործվելով մեր հակառակորդների կողմից միշտ դառնում են հարվածներ ուղղված պետության դեմ: Հիմա, երբ ասում ենք, որ թուլանում են նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերը, դա միջազգային տեսակետից նշանակում է ՀՀ դիրքերի թուլացում: Հիմա մենք ուզում ենք համազգային ճակատի միջոցով առաջացնել այդ ամուր թիկունքը, պատնեշը, որի վրա ցանկացած մեկը կկանգնի ու առաջ կտանի այս գործը, որպեսզի հնարավորություն չտրվի շահարկել ներքին խնդիրները:

Իհարկե, ներքին ծանր ու դժվար վիճակն ազդում է արտաքին դիրքերի վրա եւ թուլացնում է դրանք: Լավ կլինի ցանկացած իշխանություն դա մեկընդմիշտ սերտի, որ չի լինում այդպես` ներսում խնդիրները չլուծել, թուլանալ, միաժամանակ ամուր դիրքերի վրա կանգնել արտաքին աշխարհում»: