Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում նախորդ շաբաթվա վերջին ոստիկանության հատուկջոկատայինները ներխուժել են Ադրբեջանի բնակիչ Զաուր Գուլիեւի տուն, որտեղ էլ գտել են նրա մոտ հյուրընկալած երկու չեչենների՝ Ամիրխանով եղբայրներին, հայտնում է «Տրուդ» թերթը:
Պարբերականի տվյալներով, բոլոր երեքն էլ տեղափոխվել են Մոսկվայի քննչական մեկուսարաններից մեկը, որտեղ մի քանի ժամ ստուգել են նրանց մասնակցությունը «Նեվսկի էքսպրեսի» պայթեցմանը:
Քննիչները կարծում են, որ ձերբակալվածները իրենց կարող են դուրս բերել ռուս վահաբիստ Պավել Կոսոլապովի հետքի վրա, որը համարվում է «Նեվսկի էքսպերսի» նախորդ՝ 2007թ. օգոստոսին տեղի ուենցած պայթյունի կազմակերպիչը:
Վարկածը, թե երկու պայթյունն էլ հյուսիսկովկասյան արմատներ ունեն, քննությունը ընդունում է որպես հիմնական: «Դրանք երկվորյակ-ակցիաներ են, որոնց ետեւում կանգնած են պայթեցման գործին լավ ծանոթ անձինք»,- թերթին ասել է «Ալֆա» հակաահաբեկչական ստորաբաժանումների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Գոնչարովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ի երեկոյան ահաբեկչության արդյունքում գծերից դուրս էր եկել Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ ուղերթի թիվ 166 գնացքը: Ճեպընթացի կործանման արդյունքում 26 մարդ զոհվել էր, մոտ հարյուրը՝ տարբեր մարմնական վնասվածքներ էին ստացել:




























