Տավուշի մարզում ապրիլի մեկից մինչ օրս գրանցվել է հրդեհի 36 կանչ:
NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը նշեց, որ հրդեհները հիմնականում գրանցվել են անտառածածկ եւ չոր խոտածածկ տարածքներում. «Ամենաքիչ դեպքերը գրանցվել են Դիլիջանի տարածաշրջանում, իսկ ամենաշատը` Նոյեմբերյանի»:
Ըստ վարչության պետի, իրենց մոտ գրանցված հրդեհների քիչ տոկոսն է միայն կանխամտածված հրկիզում. «Անտառներում հատկապես դիտավորյալ հրկիզումներ չկան, հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մեզ հետ լուրջ համագործակցում են անտառտնտեսության աշխատակիցները, բավական է տեսնեն, ու անմիջապես տեղյակ են պահում, կամ իրենք են իրենց մեքենաներով մեկնում ու մարում կրակը»:
Ի դեպ, ապրիլի 14-ին նմանատիպ հրդեհ էր բռնկվել Տավուշի մարզի Հովք գյուղում, անմիջապես դեպքի վայր են մեկնել մարզային հրշեջ փրկարարները, ինչպես նաեւ անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանը, ով NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում եւս փաստեց, որ կատարվածի մեջ դիտավորություն չկա, պարզապես անփութության հետեւանք է. «Մարդիկ գնացել են անտառ կանաչի հավաքելու, էնտեղ սուրճ են եփում, կրակը վառած են թողնում, բռնկվում ա…»,-ասաց նա:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























