Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի ավանում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքից հետո տեղի է ունեցել չարտոնված երթ։ Ոստիկանները փորձել են կասեցնել երթը, սակայն ցուցարարները սկսել են քարկոծել ոստիկաններին։ Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ՝ քուրդ ցուցարարները ճանապարհին գտնվող դպրոցի դիմաց կանգնեցրած թուրքական դրոշը իջեցրել են եւ այրել։ Այնուհետ քարկոծել են ոստիկանատունը եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գրասենյակը։

Ցուցարարները վանկարկել են PKK-ի օգտին կարգախոսեր եւ այրել շրջակայքում գտնվող առարկաները։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ, եւ ձերբակալել 8 ցուցարարի։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Դիարբեքիրում կրկին բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ քուրդ ցուցարարների միջեւ։ Դիարբեքիրում հրազենային կրակոցից մեկ հոգի զոհվել է։

Արդեն 10 օր է, ինչ Թուրքիայում տեղի են ունենում քրդական բնակչության կողմից կազմակերպվող բողոքի ակցիաներ, որոնք շարունակվում են ոստիկանության հետ բախումներով։ Բողոքների մեծ մասը կապված է Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանի բանտային պայմանների բարելավման հետ։

Բացի այդ, լարվածությունը մեծանում է, քանի որ Թուրքիայի սահմանադրական դատարանը դեկտեմբերի 8-ին պետք է քննարկի քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հայցը։