NEWS.am-ը զրուցել է պատգամավորության թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Նելսոն Զուլոյանի հետ:
Հայաստանում հանրությունը Ձեր մասին գրեթե ոչինչ չի լսել, սակայն Դուք ներկայացված եք ՕԵԿ-ի համամասնական ցուցակում, կպատմեք Ձեր մասին։
Կարծում եմ, որ հանրությունը պետք է տեղեկացված լինի թեկնածուների մասին, առավել եւս, երբ այդ թեկնածուներն առաջադրվել են համամասնական կարգով; Ծնվել եմ Վանաձորում, սովորել Ալ. Գրբոյեդովի անվան թիվ 11 դպրոցում, 1991 թվականից ուսումս շարունակել եմ Վենետիկի «Մուրադ Ռաֆայելյան» վարժարանում, որը 1996 թվականին գերազանց ավարտելուց հետո, ընդունվել եմ Սորբոնի համալսարանի` սկզբում իրավաբանական, ապա քաղաքագիտության ֆակուլտետում: Դրանից հետո Ֆրանսիայում զբաղվել եմ բիզնեսով, ապա պետական մարմիններում իրավախորհրդատվական գործունեություն եմ ծավալել:
Այդ դեպքում ինչո՞ւ վերադարձաք Հայաստան, ու քանի՞ տարի է, որ Հայաստանում եք:
Եվրոպայում որոշ ժամանակ ապրելով` ականատես եմ եղել ու իմ սեփական մաշկի վրա եմ զգացել եվրոպական արժեքների դրական եւ, ինչու ոչ, նաեւ բացասական կողմերը: Շատերի համար զարմանալի է, որ ունենալով հնարավորություն ապրել եւ արարել Եվրոպայում նախընտրեցի վերադառնալ Հայաստան: Նպատակը մեկն է` օգտակար լինել իմ երկրին, ձեռքբերածս փորձը Հայաստանում ներդնել, ինչը օգտակար կլինի մեր երկրի համար: Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում:
Իսկ ինչո՞վ եք զբաղվել ՀՀ վերադառնալուց ի վեր, արդյոք բիզնես ունեցել եք:
Երբեք չեմ խզել կապը հայրենիքի հետ, իսկ մշտական բնակություն հաստատելու նպատակով Հայաստան եմ վերադարձել 2006 թվականի վերջին: 2007 թվականից զբաղեցնում եմ «Եվրոֆյուչեր» հետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը: Կենտրոնը զբաղվում է վերլուծական եւ խորհրդատվական գործունեությամբ, հիմնականում քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ ռազմական բնագավառներում: Դա արվում է բարձրակարգ միջազգային կապերի լավագույն որակավորում ունեցող վերլուծաբանների եւ խորհրդատուների ցանցի միջոցով:
2009 թվականին ինձ վստահվեց Հայաստանում հայ- ֆրանսիական նախագծով կառուցվող, մեր հայրենիքի համար խիստ անհրաժեշտ դեղերի, մասնավորապես, ինսուլին արտադրող գործարան հիմնելու բանակցային գործընթացը, եւ գործընթացի նախագծի կազմակերպչական աշխատանքները, որոնք հաջողությամբ կատարել եմ մինչեւ 2012 թվականի փետրվար: Այսօր, թեեւ չեմ զբաղվում այդ գործընթացով, սակայն գիտեմ, որ գործարանաշինության բանակցային փուլը ավարտված է, եւ մնում է սկսել շինարարությունը, որի ավարտից հետո շաքարախտով հիվանդ քաղաքացիները կստանան Հայաստանում արտադրվող որակյալ դեղեր:
Երկար տարիներ եք ապրել Ֆրանսիայում, այնքան երկար, որ բավական է քաղաքացիություն ստանալու համար։ Ընտրություններին մասնակցելու համար այդ հարցն ինչպես եք լուծել։
Այո, ես Ֆրանսիայի քաղաքցի էի, բայց օրենքով սահմանված կարգով հրաժարվել եմ քաղաքացիությունից: Այդ մասին տեղեկացված են եւ Հայաստանի, եւ Ֆրանսիայի պետական մարմինները: Ես պատգամավորի թեկնածու դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացրել եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողով`օրենքի բոլոր պահանջներին համապատասխան: Կան մարդիկ, ովքեր մերժվել են, քանի որ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանել օրենքի տառին: Կարծում եմ, որ նույն հաջողությամբ էլ, եթե ինչ-որ խնդիր լիներ իմ փաստաթղթերի հետ ինձ էլ կմերժեին: Վստահեցնում եմ, որ շատերի համար զարմանալի քայլիս համար րոպե անգամ չեմ զղջում, որովհետեւ համարում եմ, որ մեր երկրին պետք է ծառայել անմնացորդ:
Բավականին լավ կրթություն եք ստացել, կարիերայում բարձունքների եք հասել։ Նման «կարգին գործը» ինչո՞ւ եք թողնում, որպեսզի անցնեք քաղաքականություն:
Գործարար միջավայրը ես արդեն լքել եմ: Ինչ վերաբերում է պատգամավոր դառնալու իմ ցանկությանը, ցանկանում եմ անպայման շեշտել, որ պատգամավոր դառնալն ինձն համար ինքնանպատակ չէ: Ես մուտք եմ գործում քաղաքականություն ոչ թե պատգամավոր դառնալու համար, այլ քաաքականությունում իմ ներուժը, հնարավորություններս երկրին ծառայացնելու նպատակով: Եվ, առիթը պատեհ համարելով, կցանկանայի նշել, որ մեր կուսակցության նախաձեռնած եւ իրականացրած ծրագրերում իմ դերը նույնպես տեսնում եմ: Ես անելիք ունեմ այդ ծրագրերի իրականացման ճանապարհին, եւ մեծ պատրաստակամություն եմ ցուցաբերում դրանց իրականացման գործում, քանի որ համարում եմ, որ այդ ծրագրերը շատ արդիական եւ կարեւոր են մեր ժողովրդի համար:
Իսկ ինչո՞ւ հենց ՕԵԿ-ն ընտրեցիք։ Կան ավելի հզոր կուսակցություններ, իսկ ՕԵԿ-ի դիրքերն, ասում են, որ այնքան էլ անցողիկ չեն:
Ո՞վ է ասում: Այսօր մեր կուսակցությունն ունի մոտ 170 000 կուսակիցներ եւ բանավականին մեծ համակիրներ բանակ: Յուրաքանչյուր խելամիտ մարդ նայելով այդ թվերին չի կարող այդպիսի արտահայտություններ անել, որ «Օրինաց երկիրը» շանսեր չունի անցնելու խորհրդարան: Ընդհակառակը մենք պետք է ձգտենք, որ այն քանակը որ ունեցել ենք խմբակցությունում նախորդ գումարման խորհրդարաններում կրկնապատկենք եւ եռապատկենք, որ մեր աշխատանքները շատ ավելի արդունավետ լինեն: Ինչո՞ւ հենց «Օրինաց երկիր»: Ես վերջերս եմ անդամագրվել ՕԵԿ-ին, բայց շատ երկար ժամանակ եղել եմ այդ կուսակցության համախոհն ու համակիրը, որն իսկապես եվրոպական արժեքների կրողն է Հայաստանում: Օրենքի երկիր կառուցելը մեր կուսակցության գերակա խնդիրներից մեկն է: «Օրինաց երկիրը» ինչպես եւ ես, ցանկանում է Հայաստանում կայացած տեսնել եվրոպական արժեհամակարգը: Կուսակցության գաղափարները, ծրագրերը ինձ նույնպես հոգեհարազատ են: «Օրինաց երկիրը»` իր բոլոր բացասական եւ դրական կողմերով հանդերձ, կուսակցություն է, որի ծրագրերի իրականացման ճանապարհին երկմտանքը, սուտը կամ կեղծիքը տեղ եւ դեր չեն ունեցել: Իսկ ծրագրերն էլ իրականացվել են հնարավորության սահմանների առավելագույնով: Այս մտքին հակադրվողները թող ուղակի փորձեն բարձրաձայն արտաբերել 7-8 հոգանոց խմբակցություն, որը հեղինակ եւ համահեղինակ է 200 օրենքների, որոնք ներառում են գրեթե բոլոր բնագավառները: Առաջիկա 5 տարիներին մեր գերխնդիրն է լինելու երկրում այնպիսի բովանդակային փոփոխությունների իրագործումը, որի արդյունքում մարդիկ կարպրեն օրենքի երկրում, որտեղ մարդը կարող է ակնկալել պետությունից աշխատանք, արժանապատիվ վարձատրություն: Իսկ քաղաքացու անվտանգ ու բարեկեցիկ ապրուստն ու իրավունքների ու ազատությունների իրականացումը կդառնա պետության համար կենսակերպ: Այդ գերխնդրի իրականացմանն է ուղղված կուսակցության ընտրական ծրագիրը, որտեղ Հայաստանը ներկայացվում է տնտեսապես զարգացած, մրցունակ եւ անվտանգ երկիր: Նախընտրական ծրագիրը ընդգրկուն է, որից դուրս չի մնացել ոչ մի ոլորտ: Էապես կարեւոր է, որ մարդիկ ծանոթանան ` ինչ են առաջարկում բոլոր քաղաքական ուժերը եւ քվեարկեն հանուն գաղափարի:
Մեր ծրագրի մրցունակությունը խիստ ակնհայտ է` շնորհիվ տարբեր ոլորտներում հստակ իրագործման մեխանիզմներով առաջարկվող այն նորարական գաղափարների ու մտահղացումների, որոնք արմատական փոփոխությունների հիմք են լինելու: Կուսակցությունը համալրված է հմուտ քաղաքական գործիչներով, բանիմաց մարդկանով եւ, ինչը ամենակարեւորն է ինձ համար, ազգի նվիրյալներով, ում հետ համատեղ աշխատանքի շնորհիվ կարողանալու ենք վստահ իրականացնել կուսակցության ծրագրերը; Այս ամենն արվելու է ի նպաստ, եւ ի բարօրություն հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության: Կուսակցության բոլոր կարեւոր եւ ռազմավարական որոշումները քննարկվում են, այլ ոչ թե պարզապես հրամցվում են, ինչը չափազանց կարեւոր փաստ է: Եվ օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կուսակցության պատախսանատուներին, ովքեր վստահում են իմ ուժերին, երիտասարդների ուժերին, ովքեր ընձեռել են մեզ հնարավորություն ներկայացնեկու նոր գաղափարներ եւ նոր ծրագրեր:
Դուք երիտասարդ քաղաքական գործիչ եք, եւ երեւի արդեն պետք է պատկերացում էլ ունենաք իրավական պետության մասին։ Ըստ ձեզ՝ ի՞նչպիսին պետք է լինի «օրենքի երկիր»-ը:
Հին ժամանակներում Սողոմոն իմաստունին հարցնում են, թե ո՞ր Սահմանադրությունն է ամենաալավը: Եվ նա ասում է, սկզբում ինձ ասեք` որ ժողովրդի եւ որ դարաշրջանի համար: Այսինքն որ մոդելներն էլ մենք վերցնենք, դա լինի ամերիկյան, թե եվրոպական, պետք է այն հարմարեցնենք, համապատասխանեցնենք հայկական իրականությանը: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ օրենքը գերիշխի երկրում, եւ մարդը լինի այդ օրենքի առանցքում: Եվրոպայում մարդը կարեւորագույն արժեքն է իրենց համակարգի, եւ ես նույնը ցանկանում եմ տեսնել Հայաստանում;
Կարծում եմ, որ մենք` երիտասարդներս, գալիս ենք նոր շունչ հաղորդելու մեր երկրի զարգացման գործընթացներին, սատարելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված են ի նպաստ երկրի բարօրության: Վստահեցնում եմ, որ տեսանելի ապագայում իրոք երեւալու են «Օրինաց երկիր» կուսակցության բարենպաստ գործունեության արդյունքները:




























