Ոչ մի բանակ եւ ռազմական ուժ իրավունք չունի միջամտելու Հայաստանի ներպետական՝  քաղաքական եւ քաղաքացիական տարածքում: Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտը (ՄԻԺԻ):

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մարդու իրավունքների եւ ժողովրադավարության ինստիտուտը (ՄԻԺԻ) խստորեն դատապարտում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ապրիլի 13-ին հապճեպորեն ստորագրվեցին ՀՀ նախագահի կողմից, իսկ մինչ այդ նույնպիսի շտապողականությամբ ընդունվեցին ՀՀ Ազգային Ժողովում:

Հայոց բանակի օգտագործումը պետության ներքին գործընթացներում հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Հոդված 8.2. Հայաստանի հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:

Հայոց բանակի գործառույթն է` պաշտպանել երկիրը արտաքին հարձակումներից, այլ ոչ թե օգտագործվել` որպես սեփական քաղաքացիներին բռնի պատժող ուժ: Այս օրենքը Դեմոկլեսյան սրի նման կախված է լինելու քաղաքացիական հասարակության եւ հայ ժողովրդի գլխին` վտանգելով քաղաքացիական, իրավական պետության կառուցման ընթացքը:

Կոչ ենք անում հայ ժողովրդին, բոլոր քաղաքացիական ուժերին, կառույցներին, նախաձեռնություններին հանդես գալ հրապարակային հայտարարությամբ, դատապարտել այս հակասահմանադրական օրենքը, պահանջել անհապաղ փոխել այն` ապահովելով Հայոց Բանակի անկախությունն ու չեզոքությունը երկրի ներքին գործերում:

Հույս ունենք, որ մեր ժողովրդի առողջ ուժերը, ամենուրեք, այդ թվում հենց Հայոց Բանակի ներսում, սաղմում կոչնչացնեն բոլոր ծրագրերն ու փորձերը` ուղղված մարդու իրավունքների, սահմանադրականության, ՀՀ քաղաքացիական եւ իրավական պետության եւ հայ ժողովրդի գոյության եւ գերակա շահերի դեմ»: