Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն այսօր` ապրիլի 16-ին իր քարոզարշավը շարունակել է Արարատի մարզի Մասիս, Արտաշատ քաղաքներում, նախատեսված են նաեւ հանդիպումներ Այգավան եւ Արարատ համայնքներում:
Իր ելույթում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը կոչ է արել համարձակ մասնակցել ընտրություններին, քանի որ երկրի վիճակն այլեւս օրհասական է: Զուրաբյանի կարծիքով, «ավազակապետությունը քանդելու գաղափարի շուրջ կարելի է համախմբել ոչ միայն ընդդիմությանը,այլեւ այն ուժերին, որոնք մինչեւ վերջերս ռեժիմի մաս են կազմել»: ՀԱԿ համակարգողը նշել է, թե երկրի ողջ հարստությունը կուտակված է մի քանի տասնյակ օլիգարխների ձեռքին: «Մեծ խելքի տեր պետք չէ լինել. մրցակցության բացակայության պայմաններում հարստանալու համար: Այդպես բաբոս էլ փող կաշխատի»,- նշել է Զուրաբյանը:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի խոսքով, Հայաստանի իշխանություններին վախեցած ու հուսալքված քաղաքացիներ են պետք, որպեսզի ավելի հեշտ կառավարեն երկիրը:
«20-րդ դարի սկզբի պրոլետարները շղթաներ ունեին կորցնելու, դուք դա էլ չունեք: Եթե այս ընտրություններին եւ 2013-ին նախագահական ընտրություններին մենք Սերժենց հախից չգանք, կկորցնենք նաեւ Հայաստանը»,- նշել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:




























