Թումո կենտրոնում այսօր՝ ապրիլի 16-ին, կայացել են մի շարք միջոցառումներ՝ կապված մի քանի իրադարձությունների տոնակատարությամբ, ինչպես նաեւ հայ-իտալական հետաքրքիր հանդիպումներով: NEWS.am-ին Թումո կենտրոնից հայտնեցին, որ Չարլի Չապլինի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված համր ֆիլմերի մարաթոնի շրջանակներում կենտրոնի անդամները դիտել են նրա հեղինակած 14 կարճամետրաժ ֆիլմեր:Այնուհետեւ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համագործակցության շնորհիվ Թումոյում հյուրընկալվել է իտալական պատվիրակությունը, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել դեսպան Բրունո Սկապինին։ Դրանից հետո ցուցադրվել է «L’Italia del Futuro» ֆիլմ, ապա երկու իտալացի ճարտարապետներ ներկայացրել են Միլանի պոլիտեխնիկական համալսարանի եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի համագործակցությունը մագիստրոսական ծրագրի շրջանակներում, իսկ միջոցառումն ավարտել է իտալացի կիթառահար Մարկո Մինան` ելույթ ունենալով Թումոյի անդամների համար: Մշակութային միջոցառումների շարքն ավարտվել է Թումոյում ստեղծված երաժշտական խմբի` Գարաժ բենդի ելույթով, որ նվիրվել է Հայ կինոյի հիմնադրմանը:

Նշշենք, որ ապրիլի 16-ը համարվում է նաեւ հայ կինոյի ծննդյան օրը, քանի որ 1923 թվականին հենց այդ օրն է ընդունվել «Պետական կինոյի կազմակերպման մասին» կառավարական դեկրետը, որով ազգայնացվել են բոլոր մասնավոր կինոթատրոնները: