Թիվ 2 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է իր հանրապետական մրցակից Սամվել Ֆարմանյանի առաջարկին` միասին դիտելու «Չեմպիոնների լիգայի» ֆուտբոլային հանդիպումները:

Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր իր հրավերը:

«Երկու 90 րոպե, որ հաճույք կպատճառեն բոլորիս եւ կստիպեն կտրվել նախընտրական թոհուբոհից ու լարվածությունից: Վաղը եւ հաջորդ օրը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներն են՝ «Բավարիա-Ռեալ» եւ «Չելսի- Բարսելոնա»: Իմ անձնական համակրանքը երկու պարագաներում էլ իսպանական գրանդակումբների կողմն է:

Ես հրավիրել եմ մեր՝ Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում առաջադրված իմ մրցակից թեկնածու Վլադիմիր Կարապետյանին՝ մասին դիտելու այդ ֆուտբոլային հանդիպումները»,- գրել էր Ֆարմանյանը եւ հավելել. «Սպորտը, առավել եւս ֆուտբոլը, բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում միավորել է մարդկանց, անգամ ամենաոխերիմ հակառակորդներին: Շատ ուրախ կլինեմ, եթե պարոն Կարապետյանը համաձայնություն տա իմ նախաձեռնությանը եւ լինի մեր ընտրատարածքում, լինի որեւէ Կենտրոնի որեւէ սպորտբարում միասին դիտենք հանդիպումները:

Կարծում եմ այն կլինի մի փոքրիկ, բայցեւ կարեւոր ազդակ եւ մեր աջակիցներին եւ մեր բնակիչներին, որ մենք ընդամենը քաղաքական մրցակիցներ ենք, իսկ կյանքը շատ ավելի լայն է, ու այն ոչ սկսվում եւ ոչ էլ ավարտվում է ընտրություններով»:

Ըստ Ֆարմանյանի, իրենք, որպես նոր սերնդի գործիչներ, կարող են, ու իր կարծիքով պարտավոր են դա անել, ինչքան էլ նախատողներ լինեն. «Դա, իմ կարծիքով, շատ ավելին կարժենա, քան իմ կամ իմ մրցակցի հնարավոր հաղթանակը»:

Ի պատասխան Վլադիմիր Կարապետյանը Ֆարմանյանին հրավիրել է դիտել եզրափակիչ հանդիպումը: «Շնորհակալ եմ մրցակցիս բոլոր հրավերների համար: Երկուսս էլ նույն սերնդի ներկայացուցիչն ենք, նա` ավելի երիտասարդ: Սակայն ՀՀԿ-ին անդամակցելու նրա վերջին որոշումն ինձ մոտ մեծ ափսոսանք առաջացրեց: Ուզում եմ շեշտել, որ մրցակցիս անձի հանդեպ որեւէ առանձնահատուկ վերաբերմունք չունեմ: Գնահատում եմ նաեւ ուսման ասպարեզում նրա ջանքերը: Բայց որեւէ կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես Եվրոպայում կրթություն ստացած երիտասարդը, ով ասում է, որ դավանում է Եվրոպական, կամ ավելի ճիշտ` համամարդկային արժեքների, կարող է ինքնակամ անդամագրվել մարդկանց ծեծող եւ մարդասպաններին պարտակող կուսակցությանը: Իմ պայքարը մարդկային այդ տեսակի դեմ է, հարմարվողների ու կոնֆորմիստերի դեմ է»,- գրել է Կարապետյանը` ավելացնելով. «Չէի ցանկանա որեւէ կերպ մրցակցիս դասել նմանների շարքին, բայց նա ինքն է նույնականացվում այդպիսինների հետ: Ուստի, ընտրությունների ցանկացած ելքի դեպքում պատրաստ եմ հյուրընկալել մրցակցիս իմ տանը` որպես անհատի, բայց ոչ որպես ռեժիմի ներկայացուցչի»:

«Քանի որ մրցակիցս Հայլուրի ղեկավարն է, ակնկալում եմ, որ նա իրեն ավելի բարձր դրսեւորի, քան իր կուսակից եւ գաղափարակից Ռուբեն Հայրապետյանը, լինի իր խոսքի տերն ու գա ինձ հետ բանավիճելու հեռուստատեսային ուղիղ եթերում: Վստահ եմ, որ եզրափակիչ է անցնելու «Բարսելոնան», ուստի հրավիրում եմ միասին դիտելու եզրափակիչը»,- ամփոփել է Կարապետյանը: