Երեւանի թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը դիմել է ոստիկանություն` ընտրատարածքում փակցված իր պաստառները պատռելու փաստով:
«Դիմել եմ ոստիկանության Շենգավիթի բաժին»,- նշեց Գոհար Վեզիրյանը, ով անձամբ տեսել է, թե ինչպես են իր պաստառները պատռում եւ փոխարենը փակցնում ԲՀԿ-ական թեկնածու Լյովա Խաչատրյանի պաստառները. «Ես հայտարարել եմ, որ իմ պաստառները պոկում են Լյովա Խաչատրյանի կողմնակիցները: Նաեւ մի շարք տեղերում իմ պաստառները պոկում են, եւ փակցնում Արթուր Բաղդասարյանի պաստառները»:
Ավելին, ըստ Վեզիրյանի, հատկապես երեկոյան ժամերին արտասահմանյան մակնիշի մեքենաներ են հայտնում իր շտաբերի մոտ եւ նկարահանում են, թե ովքեր մտան շտաբ, ովքեր դուրս եկան:
«Իշխանությունն ի դեմս ինձ տեսնում է լուրջ մրցակցի եւ ամեն ինչ անում են լուրջ թեկնածուի համար խոչընդոտներ ստեղծելու, որպեսզի ես ընկնեմ նման բաների հետեւից, բակային ավելի քիչ հանդիպումներ ունենամ, ավելի քիչ մարդկանց տներ հասցնեմ մտնել»,- գնահատելով նման հակաօրինական գործողությունները` նշեց Գոհար Վեզիրյանը հավելեց. «Ես ոչ միայն չեմ շեղվելու իմ նախանշած ճանապարհից, այլեւ նման բաներն ինձ երկրորդ շնչառություն եւ ավելի համառ պայքարելու լիցքեր են հաղորդում, որ մարդկանց բացատրեմ` իրենց ձայնը փողով չվաճառեն»:



























