Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն  Զոլյանը պատասխանել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից այսօր` ապրիլի 17-ին, իրեն ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնից ազատելու հրամանին:

Սուրեն  Զոլյանի` Աշոտյանին ուղղված պատասխան գրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն Աշոտյան

Ղեկավարվելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով, ես պարտավոր եմ չկատարելու օրենսդրությանը հակասող Ձեր ապրիլի 17-ի թիվ 58-Ա1 հրամանը, ուստի շարունակում եմ պաշտոնավարել որպես Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր:

Հորդորում եմ Ձեզ ուշադիր կարդալ ՀՀ Սահմանադրության 5-րդ եւ 83,5-րդ հոդվածները, ինչպես նաեւ բուհական ոլորտը կարգավորող օրենքները եւ հիշեցնում, որ ի հակառակ իր ցանկության ու պատկերացման «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի եւ ՀՀ կառավարության 31.10.2002 թ. Թիվ 1929-Ն որոշման 37-րդ կետի համաձայն ԵՊԼՀ ռեկտորն ընտրվում է ԵՊԼՀ խորհրդի կողմից, իսկ ընտրության արդյունքները հաստատվում են ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունմամբ, ուստի խորհուրդ եմ տալիս առաջնորդվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հետագա անօրինական քայլեր կատարելուց խուսափելու նպատակով:

Պարզաբանումները տրված են եղել իմ երեկվա` ապրիլի 16-ի, ԱԶ-01/162-12 գրության մեջ, ինչպես նաեւ ապրիլի 17-ին կայացած ԵՊԼՀ գիտխորհրդի արտահերթ ընդլայնված նիստի որոշման մեջ, որը Ձեզ կուղարկվի անմիջապես վերջնական խմբագրման աշխատանքների ավարտից հետո:

Ձեր անհամաձայնության դեպքում կարող եք վիճարկել այս գրությունը դատական կարգով»:

Նշվում է նաեւ, որ ԵՊԼՀ ռեկտորը ապրիլի 18-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ կմասնակցի Գերմանիայում կայանալիք «Բազմալեզվությունը հասարակությունում, աշխատաշուկան և քաղաքականությունը. Դասավանդման նոր մարտահրավերները բարձրագույն ուսումնական հաստատություններում» խորագրով գիտաժողովին և հանդես կգա «Հայաստանում լեզվաբանական կրթության հեռանկարները» զեկույցով:

ԵՊԼՀ ռեկտորատն էլ տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ուսումնական պրոցեսը ընթանալու է անխափան և բնականոն կերպով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների ուսանողները մտադիր են վաղը` ապրիլի 17-ին բողոքի ակցիա իրականացնել` ի պաշըպանություն այսօր աշխատանքից ազատված ռեկտոր Սուրեն Զոլյանի: