Ապրիլի 17-ի առավոտյան «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից Թեղուտ գյուղի երեք բնակիչների ծեծի ենթարկելու փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի քննչական բաժանմունքում քննություն է ընթանում: Ըստ այդմ, ձեռնարկվում են միջոցառումներ «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայության պետ, 42-ամյա Սամվել Դավթյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Հիշեցնենք, որ միջադեպ է տեղի ունեցել Լոռիի մարզի Թեղուտ գյուղում գյուղացիների եւ անվտանգության աշխատակիցների միջեւ: «Էյ Սի Փի» ընկերության անվտանմգության պետ Սամվել Դավթյանը եւս 4 աշխատակիցների հետ ծեծել են թեղուտցի 5 երիտասարդների, մամուլի հրապարակումների համաձայն միջադեպի պատճառը եղել է այն, որ երիտասարդներից մեկը մեքենայով անցել է անվտանգության աշխատակիցներից մեկի կողքով ու փոշի բարձրացրել:

Հանքավայրը տնօրինող Ռուբեն Պապոյանն աշխատանքից ազատել է անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանին եւ նրա տեղակալ Արթուր Գրիգորյանին:

Ծեծի ենթարկվածներն ստացել են կոտրվածքներ: Նրանցից մեկի ոտքը վաղը վիրահատելու են:

NEWS.am-ը պարզաբանումներ է խնդրել նաեւ Լոռիի մարզի դատախազ Կարեն Շահբազյանից, վերջինս նշեց հետեւյալը. «Թեղուտում միջադեպ է տեղի ունեցել գյուղի բնակիչների եւ ձեռնարկության անվտանգության աշխատակիցների միջեւ: Տեղի է ունեցել ծեծկռտուք, կան տուժածներ, վնասվածք ստացած անձինք, առավոտյան նաեւ գյուղացիներն են դժգոհություն հայտնել, ճանապարհը փակելով»: Դատախազի վստահեցմամբ, միջադեպն արդեն հարթված է, օպերատիվ-քննչական խումբը տեղում իրականացնում է համապատասխան քննչական եւ դատավարական գործողություններ, վիճակը վերահսկելի է, որեւէ այլ բան այս պահին ասել չեմ կարող»: