Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի նախագահությամբ այսօր՝ ապրիլի 17-ին տեղի է ունեցել ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը: NEWS.am-ին Ազգային ժողովից հայտնեցին, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի, հանդիպմանը մասնակցել են նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրել է, որ դեռեւս մարտի 7-ին հասարակական կազմակերպությունների կողմից իրեն է ուղղվել ՀԿ-ների քննարկումների արդյունքում ձեւավորված հարցերի ու առաջարկների մի փաթեթ, որն առնչվում է Ընտրական օրենսգրքի մի շարք դրույթների ոչ միանշանակ մեկնաբանություններին, ընտրական գործընթացներում ԿԸՀ եւ ՀՌԱՀ լիազորություններին ու գործառույթներին:
Անդրադառնալով ընտրություններին զինվորների կողմից բաց կամ կրկնակի քվեարկությունների դեպքերի վերաբերյալ հարցին՝ Տ. Մուկուչյանը նշեց, որ առնվազն վստահված անձանց եւ դիտորդների ներկայությունն ընտրատեղամասերում բացառում է նման դեպքերի հնարավորությունը: «Բացի այդ, ընտրատեղամասերում հնարավորություն կա տեսա եւ լուսանկարահանում իրականացնել, իսկ քվեարկելուց հետո զինվորական գրքույկներում կատարվում է համապատասխան նշում»,- նշել է նա: Ինչ վերաբերում է քվեաթերթիկների վրա տարբեր գույնի գրիչներով նշումներին, ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ բոլոր տեղամասերն ապահովվում են գրիչներով, օրվա ընթացքում դրանք ավելացվում են ըստ պահանջի, միաժամանակ` կարգը թույլ է տալիս ընտրողին իր գրիչով կատարել նշում:
Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ ներկա դրությամբ որպես տեղական դիտորդ արձանագրվել է 17000 մարդ, որը դեռ վերջնական թիվը չէ, ինչը հնարավորություն կտա ամբողջ ծավալով վերահսկողություն իրականացնել: Ինչպես նաեւ, տպագրվել է աննախադեպ քանակությամբ ճանաչողական նյութ, ինչի շնորհիվ ընտրողը հնարավորություն կունենա տեղեկանալու իր իրավունքների մասին:
Իսկ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից իրականացվող` հեռուստաընկերությունների հաղորդումների տասնօրյա մոնիթորինգի արդյունքները, եւ մտահոգիչ համարել այն լուրերը, ըստ որոնց` արդեն կողմերի միջեւ արձանագրվել են բախումներ:



























