Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրում է. «ՀՀԿ-ն կանգնած էր հետեւյալ երկընտրանքի առաջ` մտցնե՞լ խաղի մեջ «մեծամասնական օլիգարխներին», թե՞ ոչ: Երկու դեպքում էլ շահելու եւ կորցնելու բաներ կային: Ընդունված որոշման առավելությունն այն է, որ օլիգարխների` պատգամավոր դառնալն ապահովագրված է, եւ դրանով նրանք նպաստելու են հարազատ կուսակցության` մեծամասնություն դառնալու ծրագրերին: Իսկ բացասականը ՀՀԿ-ի համար այն է, որ օլիգարխներն այդպիսով հեշտ թիրախ են դառնում ընդդիմության համար, եւ նրանց պատճառով այս ընտրարշավում Հանրապետականը դեռ շատ «թուքումուր կուտի»: Այս գործարարներն իսկապես քաղաքական գործիչներ չեն, աչքի չեն ընկնում գրագիտությամբ եւ բացարձակապես ի վիճակի չեն զբաղվել հրապարակային գործունեությամբ: Բայց այդ «փոքրիկ թերությունները» փոխհատուցվում են նրանով, որ օլիգարխները, կրկնեմ, ընտրվելու խնդիր չունեն, իսկ եթե ՀՀԿ-ն նրանց փոխարեն առաջարկեր ոմն Պողոս Պետրոսյանի, ապա նույն գործարարները հանուն այդ անհայտ Պողոսի այնքան «ջիգյարով» չէին աշխատի, որքան իրենց համար: Մարդկային հոգեբանության պարզագույն օրինաչափություն է` սեփական շապիկը մարմնիդ ավելի մոտ է:
ՀԱԿ-ը նույնպես երկընտրանք ուներ` քարոզչության հասցեատեր դարձնել թեեւ ընդդիմադիր, բայց սոլիդ, գիտակից ընտրազանգվա՞ծը, որը փոքր է, բայց ավելի որակյալ, թե՞ «լյումպեն-պրոլետարիատին», որը 20 տարվա «իմաստուն» տնտեսական քաղաքականության պատճառով Հայաստանում կազմում է ճնշող մեծամասնությունը: Ընտրվեց երկրորդ` «քանակական» տարբերակը: Այստեղ էլ երկու տարբերակները ունեին իրենց առավելությունները եւ թերությունները: Գիտակից մարդիկ, որոնք պատրաստվում էին իրենց ձայնը տալ ՀԱԿ-ին, կարող են խրտնել անհարկի ղժղժոցներից եւ բազարային բառապաշարից: Մյուս կողմից էլ լյումպենները թեեւ շատ են, բայց հեղհեղուկ, նրանք կարող են ժամերով բողոքել իշխանավորներից եւ սեփական կյանքից, բայց, ի վերջո, օգտվել կոալիցիայի մաս կազմող որեւէ կուսակցության ընտրակաշառքից կամ «բարեգործությունից» եւ քվեարկել «ինչպես որ պետք է»:
ՀԱԿ-ի մյուս երկընտրանքը, պայմանականորեն ասած, ռոմանտիզմի եւ պրագմատիզմի մեջ է: «Հանցավոր ռեժիմի» դեմ պայքարը, անշուշտ, շատ ռոմանտիկ է, թեեւ օրիգինալ չէ` 20 տարի ընդդիմությունը հենց դրանով է զբաղված: 98 թվականից հետո նույնիսկ իշխանությունն էր մի քանի տարվա պայքար ծավալել «նախորդ հանցավոր ռեժիմի դեմ», ինչը, իհարկե, կատարյալ անհեթեթություն է: Բայց հիմա ՀԱԿ-ը «ռեժիմի» դեմ պայքարում է խիստ ընտրողաբար` խնայելով այդ «ռեժիմի» մասը, ենթադրաբար, հանդիսացող ԲՀԿ-ին: Հույսն այն է, որ այղ կուսակցությունը կսկսի խաղալ ընդդիմադիր դաշտում: Այլ կերպ ասած` Ռոբերտ Քոչարյանը կմիանա Լետն Տեր-Պետրոսյանին` «ռեժիմի» դեմ պայքարում: Այ, դա իրոք որ կլիներ պրագմատիզմի բարձրագույն դրսեւորում, կասեի նույնիսկ` տրիումֆ: Բայց վախենամ, որ այս հարցում ՀԱԿ-ին լուրջ հիասթափություն է սպասում:
Մնացած կուսակցությունները ոչ մի երկընտրանք, ըստ էության, չունեն, նրանք դատապարտված են մաս կազմել համապատասխանաբար իշխանության կամ ընդդիմության»- գրում է «Առավոտ» թերթը:



























