Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում, այսօր` ապրիլի 18-ին, Դիզայնի եւ համակարգչային նախագծման դեպարտամենտի կողմից կբացվի «Ծավալային հարթություն» խորագրով ցուցահանդեսը, որտեղ Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն ներքին հարդարման համար նախատեսված 3D մոդուլային դեկորատիվ սալիկներ:

Սալիկների մոդուլային ձեւաստեղծումը միեւնույն հավաքածուի նախապես որոշված տարբեր չափսերի սալիկներից նախշերի կամ պատկերների ստեղծումն է: Օգտվելով ներքին ձեւավորման այս տեխնիկայից ԵՃՇՊՀ ուսանողների կողմից փորձ է արվել ստանալ «կենդանի»` ծավալուն պատկերներ կամ նախշեր: Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն 15x15 չափսի սալիկներից ստացված 60-ից ավելի աշխատանքներ:

Ցուցահանդեսի ղեկավար, համալսարանի «Դիզայն» ամբիոնի դասախոս, դիզայներ Հայկազ Արսենյանը` խոսելով ցուցահանդեսի մասին, նշել է. «Ծավալային հարթություն» բառաախաղը ինքնին հուշում է , որ կան ծավալներ հարթության վրա: Պայմանական ընտրված են 15x15x0,8-5 ստանդարտը, որը հարմար է ինտերիերում օգտագործման համար: Իրականում այս դեկորատիվ սալիկները ֆիզիկապես վերցնելով պատից 0,8-5 սմ, փոխարենը առաջացնում են ավելի խոր, տարածական զգացողություն : Բացի իր դեկորատիվ բնույթից`ունեն նաեւ ակուստիկ նշանակություն»:

«Ծավալային հարթություն» ցուցահանդեսը կտեւի մեկ շաբաթ: