Քիմ Քարդաշյանի մտադրությունը` առաջադրվել Գլենդելի քաղաքապետի պաշտոնում, հարուցել է բնակիչների եւ պաշտոնյաների բուռն արձագանքը:
Որոշ պաշտոնյաներ հայտարարել են, թե քաղաքային խորհրդում պաշտոնի հավակնելու համար անհրաժեշտ է ավելի շատ աշխատել:
Սակայն, նրանց կարծիքով, ընտրությունների վրա ուշադրություն բեւեռելու ցանկացած քայլ դրական է:
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, նախկին քաղաքապետ Արա Նաջարյանը հայտարարել է, թե Քարդաշյանին կառաջարկեր վարչակազմի պատվավոր ղեկավարի պաշտոնը: Նա նաեւ խորհուրդ է տվել Քիմ Քարդաշյանին սկզբի համար այցելել ապրիլի 24-ին կայանալիք միջոցառմանը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին, գրում է Glendale News-Press-ը:
Իրենք` բնակիչները նորությունն ընդունել են բացասական լույսի ներքո: Ինչպես նշում է թերթը, բնակիչները այդ գաղափարին այնքան էլ լավ չեն վերաբերվել, ինչի մասին վկայում են Twitter-ում արված հաղորդագրությունները: Շատերը նշում են, թե Քիմը բավականաչափ խելացի չէ այդ պաշտոնի համար: «Գլենդելի բնակիչներ, ժամանակն է տեղափոխվել Մեքսիկա», «Ես չեմ էլ կարող կատակել, քանի որ առանց այդ էլ ծիծաղելի է», «Գլենդել, պահիր կանանց ու երեխաներին, Քիմ Քարդաշյանը գալիս է ձեր հետեւից»:
Տեղական լրատվամիջոցները նշում են, որ Գլենդելում քաղաքապետի ընտրության կարգ գոյություն չունի, քաղաքագլխին ընտրում են Քաղաքային խորհրդի կազմում:
Նշենք, որ «Քլոե եւ Լամար» հեռուստաշոուի դրվագներից մեկում Քիմն ասել է, թե ցանկանում է քաղաքապետ դառնալ:




























