Բնակչությանը բաժանվող «Հայասի գրուպ» ընկերության մուրաբաները գործարանի առաջին արտադրանք են` փորձնական, ուստի տնօրինության  համար շատ կարեւոր է, որ մարդկիկ որոշակի տեղեկություն ստանան այդ մուրաբաների որակի մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի գրուպ» ընկերության տնօրեն, ՕԵԿ-ական Արծրուն Աղաջանյանը, ով մինչեւ գործարանի տնօրեն նշանակվելը հրաժարվեց ԱԺ պատգամավորի մանդատից:

Պարոն Աղաջանյան, «Հայասի» գործարանի տնօրենի պաշտոնում նշանակվելու համար հրաժարվեցիք ԱԺ պատգամավորի մանդատից, իսկ այս ընտրություններում ՕԵԿ-ի համամասնականում ցուցակում անցողիկ տեղում չեք: Չե՞ք ուզում պատգամավոր դառնալ, թե՞ դա կուսակցության որոշումն է:

Ես ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելով գործարանի հետ ճանապարհ անցնելու որոշում կայացրեցի, դրա համար էլ մեծամասնականով չառաջադրվեցի: Ճիշտ է, համամասնականում կամ, բայց անցողիկ տեղերում չեմ: Հիշեցնեմ, որ երկու գումարման պատգամավոր եմ եղել  եւ իմ բոլոր հնարավորություններով, եթե ուշադրություն եք դարձրել, ակտիվ մասնակցել աշխատել եմ, հիմա էլ ՕԵԿ-ի քաղխորհրդի անդամ եմ : Ավելին` այս պահին էլ մեր մեծամասնական թեկնածուի հետ քարոզարշավի ենք դուրս եկել: Ես երբեք հեռու չեմ կարող մնալ քաղաքականությունից, անընդհատ օրենսդրական առաջարկություններ, նախաձեռնություններ արել եմ, անում եմ, բայց իմ փոխարեն իմ ընկերներն են ստորագրելու: Կարեւոր չէ, որ անպայման նստես այնտեղ, կարեւորը աշխատելն է, որը կարելի է անել եւ այնտեղ գտնվելով եւ նաեւ ԱԺ պատերից դուրս գտնվելու դեպքում: Ուզում եմ ասել, որ  ես ՕԵԿ-ի հիմնադիրներից եմ եւ մշտապես հետեւում եմ իմ կուսակցության աշխատանքներին:

Բնակչությունն ահազանգում է, որ «Հայասի գրուպի» արտադրության ՕԵԿ-ի մուրաբաները շարունակում են բաժանվել հանրապետության տարածքով մեկ: Դուք այդ գործարանի տնօրենն եք: Այդ մուրաբաներից դեռ շա՞տ կա, դեռ որքա՞ն ժամանակ կբաժանվի:

Այնպես չէ, որ բոլորին համատարած բաժանում ենք: Դա մենք նվիրում ենք մեր կուսակցականներին: Դա ի՞նչ հարց է, դրա մեջ ի՞նչ կա, ինչ եք ուզում ասել:

Բայց ՕԵԿ-ի մաս չկազմող քաղաքացիներն էլ են ասում, որ իրենց եւս բաժին է հասել այդ մուրաբաներից:

Ոչ, ոչ, ոչ. միայն կուսակցականներին ենք բաժանում:

Ի դեպ, նշվում է նաեւ, որ այդ մուրաբաները ժամակետանց են եւ ստացողները դժգոհում են դրանից:

/Տեւական ժամանակ ծիծաղում է/: Ամոթն էլ է լավ բան: Դա մեր առաջին արտադրանք է, փորձնական: Ինձ համար շատ կարեւոր է նաեւ, որ մարդիկ որոշակի տեղեկություն ստանան «Հայասի» մուրաբաների որակի մասին: Իսկ ովքեր որ օգտվել են, բոլորը գովում են: Մուրաբաների ժամկետանց լինելու խնդիր չկա, ինչի՞ մասին է խոսքը:

Ուզում եք ասել, որ միաժամանակ օգտվելով առիթից գովազդում եք սեփական արտադրա՞նքը:

Այո, եթե մեր կուսակցականներին բաժանում ենք նաեւ ճշտում ենք, չէ՞, թե որակական հատկանիշներից գոհ են, թե` ոչ:

Հետաքրքիր է, իսկ ո՞վ է այդ հնարամիտ մտքի հեղինակը, ում գաղափարն է եղել մուրաբաներ բաժանելու միջոցով գովազդել սեփական արտադրանքը:

Լավ շրջանցենք այդ թեման, գաղափարի մասին բան չկա:  Դա մարտի 8-ի կապակցությամբ մենք փորձել ենք  մեր կուսակցականներին պարզապես շնորհավորել եւ նվիրել ու վերջ: Փոխանակ ուրախանաք, որ Ուկրաինայի մեր հայ ընկերը, Արթուր Բաղդասարյանի ընկերը բերել Ոսկեվազում մի հատ գործարան է  կառուցել  լրիվ ամայի տարածության վրա, որտեղ հարյուրավոր մարդիկ գործ ունեն: Այդքան գյուղատնտեսական մթերք մթերեցինք, դա գիտե՞ս ինչ փրկություն էր այս տարածքաշրջանի համար:

Նախաձեռնությունը շատ լավն է: Խնդիրն այն է, որ մարդիկ մուրաբաների բաժանումը  ընտրակաշառքի հետ են ասոցացնում:

Դա  ընտրակաշառքի հետ ոչ մի կապ չունի: Մենք տվել ենք մեր կուսակցականներին: Կարող եք ստուգել, բոլոր տեղերը մեր կուսակցականներն են:

Ես ճի՞շտ եմ հասկանում, որ  շատ հնարավոր է ընտրություններից հետո էլ մուրաբաներ բաժանեք:

Եթե առիթ լինի, անհրաժեշտություն լինի այո էլի կբաժնենք մեր կուսակցականներին: Նման առիթների դեպքում անպայման փորձելու ենք շնորհավորել:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը