Ռուսաստանում հայազգի ամենահարուստ գործարարը, ռուսական Forbes-ի վարկածով,  «Ռոսգոսստրախ»-ի տնօրեն Դանիլ Խաչատուրովն է: Նրա ունեցվածքը գնահատվում է 2 մլրդ դոլար, եւ նա զբաղեցնում է վարկաանիշային ցուցակի  45-րդ հորիզոնականը:

Ցուցակում մեր հայրենակիցներից նշվում է նաեւ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, որն իր  1,6 մլրդ դոլար կարողությամբ  63-րդ հորիզոնականում է: Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսովները  («ՌԵՍՈ Գարանտիա»)  համապատասխանաբար 82-րդ  եւ 83-րդ  տեղերում են` 1,2 մլրդ:  «Տրոյկա Դիալոգ» ընկերության  ղեկավար Ռուբեն Վարդանյանը  180-րդ տեղում է, նրա կարողությունը գնահատվում է կես միլիարդ:

Ամենահարուստ ռուս է ճանաչվել «Մետալոինվեստի» սեփականատեր  Ալիշեր Ուսմանովը (18,1 միլիարդ):  ՆԼՄԿ-ի հիմնական շահառու Վլադիմիր Լիսինը (15,9 միլիարդ), որն առաջին տեղն է զբաղեցնում վարկանիշում, երկու տարի անընդմեջ երկրորդն է ճանաչվել, իսկ «Սեւերստալի» ղեկավար Ալեքսեյ Մորշադովը (15,3 միլիարդ) եզրափակում է առաջատարների եռյակը:  «Օնեքսիմ» խմբի  նախագահ Միխայիլ Պրոխորովը 13,2 միլիարդ դոլարով, որն ավելի վաղ զբաղեցնում էր երրորդ տեղը  (18 միլիարդ դոլար), իջել է 7-րդ տեղը: 

Ըստ վարկանիշի կազմողների գնահատման` Ռուսաստանում միլիարդատերերի քանակն անցյալ տարվա համեմատ կրճատվել է 101-ից 96 մարդու:

2012 թվականի Forbes-ի ցուցակում ութ սենատորներ են, Պետդումայի 9 պատգամավորներ, շրջանների երկու ղեկավարներ  (Վլադիմիր Գրուզդյեւ, 1 միլիարդ դոլար, եւ Արսեն Կանոկով 600 միլիոն դոլար) եւ Ռուսաստանի նախագահի մեկ խորհրդական (Միխայիլ Աբիզով, 1,3 միլիարդ դոլար):

2012 թվականին ցուցակի մասնակցի միջին տարիքը 50 տարեկանն է: Վարկանիշի ամենաերիտասարդ մասնակիցը 16 տարեկան է (Դենի Բաժաեւ, 750 միլիոն դոլար), ամենածերը` 79 տարեկան  (Վլադիսլավ Տետյուխին, 650 միլիոն դոլար):