Գյումրիում շրջանառվող խոսակցությունների համաձայն, ապրիլի 15-ին կալանավորված Գյումրի քաղաքի «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի վիրաբույժ-կոնսուլտանտ Հրանտ Ներսիսյանը թմրանյութի ազդեցության տակ է եղել, ինչի արդյունքում բժշկական սխալ է թույլ տվել եւ հիվանդ Հմայակ Մկրտչյանի մահվան պատճառ դարձել: Սակայն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գյումրիի քննչական վարչությունից տեղեկացրեցին, որ սույն գործով նման վարկած քննության առարկա չի դարձել եւ պարզապես բժշկական սխալ է տեղի ունեցել:
Հատկանշական է այն հանգամանքը, որ երբ Գյումրիի «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի տնօրենին հարցրեցինք, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ վիրաբույժը թմրանյութի ազդեցության տակ է եղել եւ միայն այդ դեպքը չէ, երբ հիվանդները տուժել են նրա սխալի պատճառով, նա ընդհատեց հեռախոսազանգը եւ հետզանգերին չպատասխանեց, թեեւ սկզբում համաձայնել էր պատասխանել մեր հարցերին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 15-ին կալանավորվել է Գյումրի քաղաքի «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի վիրաբույժ-կոնսուլտանտ Հրանտ Ներսիսյանը:Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում էին, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Մասնավորապես նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Հ. Ներսիսյանն անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել հիվանդ Հմայակ Մկրտչյանի նկատմամբ, որի պատճառով վերջինս մահացել է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վիրաբույժ Հրանտ Հենրիկի Ներսիսյանի դեմ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով ( բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): 2011 թվականի հոկտեմբերի 16-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գյումրի-Ջրառատ ավտոճանապարհին, որի արդյունքում Հմայակ Մկրտչյանին տեղափոխել էին Գյումրիի «Ճերմակ հիվանդանոց»: Վիրաբույժ Հրանտ Ներսիսյանը տուժողի ստոծանին վիրահատելու ժամանակ ծակել է նրա սիրտը, ինչի արդյունքում հիվանդն արնահոսել ու անմիջապես մահացել է: Նշանակված դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է բժշկի մեղավորությունը: Այն նախատեսում է 2-6 տարի ազատազրկում:

























