Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբներ» զորամասում հրազենային վնասվածքից մահացած 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մարգարյանի եւ վիրավորված 22-ամյա Կարեն Մովսիսյանի գործով արդեն ձերբակալված կա: Այս մասին հաղորդում է Aravot.am-ը` վկայակոչելով իր իրազեկ աղբյուրները:

Ըստ այդմ, այդ գործով ձերբակալվել է դասակի հրամանատար, հենակետի ավագ, ավագ լեյտենանտ Լենտուշ  Գրիգորյանը: Նա Բագրատաշեն գյուղի բնակիչ է: Լենտուշ Գրիգորյանի  ձերբակալությունը կապված է այն բանի հետ, որ վերոհիշյալ  դեպքը տեղի է ունեցել հայ զինծառայողների կրակոցների  հետեւանքով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբներ» հենակետում հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, եւս մեկ ժամկետային զինծառայող` 22-ամյա Կարեն Մովսիսյանը ծանր վիրավորվել է: Նրանք երկուսն էլ զորակոչվել էին Արաբկիրի զինկոմիսարիատից 2010թ. գարնանը եւ առաջիկայում պետք է զորացրվեին: Առայժմ հայտնի չէ  զինվորների մահվան ստույգ պատճառը:

NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը նշել էր, որ, ըստ իրեն հասած տեղեկատվության, դեպքը տեղի է ունեցել հակառակորդի արձակած կրակոցներից: Գյուղապետի փոխանցմամբ` դեպքից հետո 1.5-2 ժամ գյուղի տարածքում կրակոցներ են լսվել:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Վիրավոր զինծառայողը վիրահատվել է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: