Ստամբուլի գլխավոր դատախազությունն ավարտել է Թաքսիմի հրապարակում 2012-ի փետրվարի 26-ին Խոջալուի իրադարձությունների հիշատակման անվան տակ տեղի ունեցած հակահայկական բողոքի ակցիայի ժամանակ հայերին վիրավորող կարգախոսներ պարզած անձանցից 10-ի նկատմամբ հետաքննությունը:

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ` Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից վիրավորական կարգախոսներ պարզած անձանց դեմ պատրաստված մեղադրական զեկույցում նշվում է, որ Խոջալուի իրադարձությունների 20-րդ տարելիցի կապակցությամբ իրականացված միջոցառմանը հիշյալ կասկածյալները հանցանք են գործել` ժողովրդի մեջ թշնամանք եւ ատելություն սերմանել, հենվելով ժովովրդի մի մասի էթնիկ տարբերության վրա` միտումնավոր նրանց վիրավորել. «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք եք», «Ակն ընդ ական, ատամ ընդ ատաման» կարգախոսներով:

Մեղադրական զեկույցում կարգախոսներ պարզած անձանց համար պահանջվում է 1-ից 3 տարի ազատազրկում: Գործով դատավարությունը սկսվելու է առաջիկա օրերին: