Պերմի գիշերային ակումբներից մեկում դեկտեմբերի 5-ին բռնկված հրդեհից զոհվածների եւ վիրավորների ցանկում Հայաստանի քաղաքացիներ չկան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գեւորգ Մինասյանը:

Նրա խոսքով, երկու հայերը, որոնց անունները նշված են ՌԴ ԱԻՆ հրապարակած վիրավորների ցանկում, Ռուսաստանի քաղաքացիներ են: Նրանց վիճակը, ըստ Մինասյանի, մնում է ծայրահեղ ծանր, նրանք ուժգին այրվածքներ են ստացել: Հիշեցնենք, որ հրդեհից տուժել էին 1974թ. ծնված Պյոտր Անատոլիի Նալբադյանն ու Էդուարդ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ ուժեղ հրդեհը բռնկվել էր «Կաղ ձի» գիշերային ակումբում դեկտեմբերի 5-ին, ժամը 23:30-ի սահմաններում: Հրդեհի զոհերի մեջ ամենաերիտասարդները 21 տարեկան էին, իսկ զոհվածների մեծ մասը 70-80-ական թվականների ծնունդ էին: Նախնական, հրդեհի հիմնական վարկած է համարվում սառը հրավառությունը, կազմակերպիչները չէին հաշվարկել հաստատության առաստաղի բարձրությունը, եւ կայծերը հասել էին առաստաղին, որը վայրկենապես բռնկվել էր: