Թուրքիայի Բաթման նահանգի զորամասերից մեկում 2011-ի ապրիլի 24-ին թուրք ծառայակցի կողմից սպանված ստամբուլահայ Սեւակ Շահին Բալըքչըի հիշատակի համար ապրիլի 21-ին ժամը 13։00 Ստամբուլի Գալաթասարայի լիցեյի մոտից մինչեւ Թաքսիմի հրապարակ երթ է կազմակերպվելու։

Ստամբուլի հայկական «Նոր զարթոնք» կայքի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Սեւակ Շահին Բալըքչըին սպանած ծառայակիցը հենց առաջին դատական նիստին ազատ արձակվեց։ «Սեւակ Շահինին սպանած ոճրագործն ու մարդասպան մտածելակերպը դեռ չեն դատապարտվել։ Կրկին տեսնում ենք, որ ինչպես 1915-ին, այնպես էլ հիմա այս երկրում պաշտպանում են հային սպանողներին եւ չեն պատժվում։ Իշխանություններն էլ հրապարակներում ֆաշիզմ եւ խտրականություն են հրահրում»,-նշվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։  2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։

Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում,  հայտարարել է, թե Սեւակի սպանությունից հետո  ականատես մի զինվոր մոտեցել է  իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սեւակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»: